ԱՀ նորընտիր Ազգային ժողովում մեկնարկել են առաջին նստաշրջանի աշխատանքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացել է տարիքով ավագ, «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Մարսել Պետրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ Մարսել Պետրոսյանը շնորհավորել է պատգամավորական նոր կազմին և նշել, որ խորհրդարանականներից յուրաքանչյուրն օժտված է ժողովրդի ընտրյալի բարձր ու պատասխանատու կոչման, ինչը մեծապես պարտավորեցնում է օրենսդիրի աշխատանքում առաջնորդվել բացարձակապես ժողովրդի ու գերակա շահերով:

Մ. Պետրոսյանը համոզված է՝ Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմինը ինչպես նախորդ գումարումների պարագայում էլ, հավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը և արժանի ավանդ կունենա անկախ պետականության տասնամյակներում ձեռքբերումների պահպանման ու բազմապատկման գործում:

Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա պատգամավորներին մաղթել է աստվածային օրհնություն, երկնային իմաստնություն և տիրոջ աջակցությունը, որ անմնացորդ ծառայեն մաքրությամբ, կատարյալ, անսահման նվիրումով՝ ի շահ մեր հայրենիքի:

Հաջորդիվ պատգամավորները տվել են երդում՝ հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի բարգավաճման բարեխղճորեն կատարել իրենց առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ԱՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Արցախի ինքնիշխանության շահերի պաշտպանմանը:

Առաջին նստաշրջանի օրակարգը կանոնակարգված է օրենքով և ներառում է մի շարք հարցեր: Ըստ այդմ նախ և առաջ ստեղծվել է հաշվի հանձնախումբ, որում ընդգրկված են ամեն խմբակցությունից 1 պատգամավոր: Հանձնախմբի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, քարտուղար՝ «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Հանձնախմբի մյուս անդամներն են Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Օրակարգային հաջորդ հարցը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն է: Փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք»ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Իր խոսքում Ա. Թովմասյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել Խորհրդարան անցած քաղաքական բոլոր 5 ուժերին և նշել, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովը համագործակցությունը պետք է խորացնի բոլոր ուղղություններով:

ԱԺ նախագահի տեղակալի համար առաջադրվել էր «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի թեկնածությունը: Իր հերթին Գ. Բաղունցը հույս է հայտնել, որ իրենց գործունեությունը կնպաստի Ազգային ժողովի հեղինակության և դերակատարության բարձրացմանը: Նրա օգտին կողմ է քվեարկել 27, դեմ` 4 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր մշտական հանձնաժողովների ձևավորմանը և հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Ընդհանուր առմամբ, ձևավորվել են 7՝ արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներ: Հաջորդիվ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովների նախագահները:

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նաև խմբակցության ղեկավարներին և քարտուղարներին:

Այսպես՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար՝ Մարսել Պետրոսյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Գալստյանը, քարտուղար՝ Մետաքսե Հակոբյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար՝ Վահրամ Բալայանը և Արցախի ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար՝ Գեղամ Ստեփանյանը: