Ռուսական «ունիկալ զենքը» ամերիկյան «գերհզոր հրթիռի» դեմ

Մոլորակի գերտերությունները, կարծես թե սկսել են միմյանց «զվարճալիրոեն վախեցնել»: Այլ կերպ չես անվանի մայիսի 16-ին Վաշինգտոնից և Մոսկվայից արված հայտարարությունները: Ինչպես և աշխարհում արկածախնդրության գաղափարներն ու ծրագրերը բարձրաձայնելու շատ դեպքերում, այս անգամ էլ ամեն ինչ սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Նա երկրի տիեզերական ուժերի նոր դրոշը ներկայացնելու արարողության ժամանակ հայտարարել է. «Մենք ստեղծում ենք «գերհզոր super puper» հրթիռ, որը առկա մյուսներից 17 անգամ ավելի արագ է: Ապագան պատկանում է տիեզերական ոլորտին, ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման տեսակետից»: Դրանից հետո ԱՄՆ Պենտագոնի ղեկավարությունը, չհայտարարելով տեխնիկական մանրամասների մասին, հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը սկսելու են գերձայնային զենքի փորձարկումները արդեն 2020 թվականին: Ընդ որում՝ Թրամփը նույնպես ոչինչ չի հստակեցրել:

Ի պատասխան՝ Ռուսաստանը բացահայտորեն ծիծաղել է ամերիկացիների վրա: Ամեն ինչ (ծիծաղի առումով) սկսվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինից: «Դե իհարկե, գերհզոր super puper հրթիռներին մենք «բռնելու» բան չունենք: Հանձնվում ենք»,- գրել է Ռոգոզինը Twitter- ում: Այնուհետև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորամանկ ժպիտով խորհուրդ է տվել չվստահել Սպիտակ տան քարոզչությանը: Նման արձագանքը պայմանավորված է նրանով, որ, ինչպես հաղորդել են աշխարհի բոլոր առաջատար լրատվական գործակալությունները, Ռուսաստանում մշակվել են երկու տեսակի ավիացիոն գերձայնային հրթիռներ: Այս հրթիռներից մեկը՝ «Դաշույն»-ը («Кинжал»), ստեղծվել է MiG-31K կործանիչի համար, այն ունակ է զարգացնել մինչև 10 ձայնային արագություն: Այն ստեղծվել է «Իսկանդեր» ցամաքային համալիրի հրթիռի հիման վրա: Մեկ այլ գերձայնային ավիահրթիռ ստեղծվում է Su-57 հինգերորդ սերնդի կործանիչի համար և պետք է տեղադրվի նրա ներսում: Հրթիռի անվանումն ու բնութագրերը անհայտ են: Գոյություն ունի նաև ավելի հզոր գերձայնային հրթիռ՝ «Ավանգարդ»: Բացի դրանից, Չինաստանը, ինչպես պնդում է ամերիկյան գեներալակույտը, վաղուց առաջ է անցել ԱՄՆ գերձայնային հրթիռների արտադրության ոլորտում: Ի դեպ, «Դաշույն» («Кинжал») հրթիռները, փաստացի, գաղտնի կերպով արդեն գործի են դրվել Ռուսաստանի ՕՏՈՒ զինանոցում։

Բայց, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի ամենամեծ կատակասերն անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Մայիսի 16-ին ելույթ ունենալով «Մոսկվա. Կրեմլ: Պուտին» հաղորդման շրջանակներում և խոսելով նորագույն զենքի ստեղծման գործում հիմնարար գիտության մեծ կարևորության մասին՝ Վլադիմիր Պուտինը հեռակա կարգով պատասխանել է Թրամփին և ԱՄՆ Պենտագոնին. «Հիմնարար գիտական հետազոտությունների շնորհիվ Ռուսաստանը տիրապետում է զենքի ունիկալ տեսակների, որոնց նմանակը առայժմ աշխարհում ոչ մի այլ երկիր չունի։ Մեր երկիրը չէր ունենա ժամանակակից տեսակի զենք, եթե չլինեին հիմնարար գիտությունը, գիտական ​​դպրոցները և ինժեներական անձնակազմը: Սա փաստ է, որը բացարձակապես ակնհայտ է»: Իհարկե, աշխարհում բոլորը հասկանում են, որ Պուտինը, որպես միջուկային տերության ղեկավար, ուշադիր հետևում է Միացյալ Նահանգներին և Վաշինգտոնից արված հայտարարություններին: Ըստ երևույթին, նրան զարմացրել և զվարճացրել են «գերհզոր (super puper) հրթիռի» մասին Թրամփի խոսքերը, որը, ինչպես խոստացել էր, պետք է լինի 17 անգամ ավելի արագ, քան առկա բոլոր հրթիռները: Արդիական է հարց. արդյո՞ք ամերիկյան ապագա գերհզոր հրթիռը 17 անգամ ավելի արագ կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի գերձայնային հրթիռներից, նույնիսկ «Դաշույն» («Кинжал»), «Ավանգարդ» հրթիռներից և այլն:

Նախագահ Պուտինը առաջին անգամը չէ, որ աշխարհին ամբողջությամբ բացահայտ ասում է. աշխարհ, դու ի վիճակի չես ունենալ ռուսական զենքից լավ զենք, աշխարհ, եթե դու Ռուսաստանին միջուկային պատերազմ պարտադրես, ապա կզոհվեն բոլորը: Պարզապես, ինչպես շեշտել է Պուտինը, «մենք (այսինքն՝ ռուսները, կամ՝ ռուսաստանցիները) զոհվելու ենք որպես նահատակներ, իսկ նրանք (այսինքն՝ Ռուսաստանի թշնամիները) այրվելու են դժոխքում»: Այդ պատճառով մայիսի 16-ին Ռուսաստանի նախագահը չի սպառնացել ԱՄՆ-ին կամ մոլորակին. նա պարզապես որոշել է ինչ-որ բան թարմացնել ամերիկյան մարդատյաց ֆաշիստների հիշողության մեջ: Տեսնենք, արդյոք Պուտինի հիշեցումները Ռուսաստանի «ունիկալ զենքի» մասին, «որը դեռևս ոչ մի երկիր չունի աշխարհում», կհասնե՞ն Դոնալդ Թրամփի և Պենտագոնի գիտակցությանը …

Սերգեյ Շաքարյանց