Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել է Ոստիկանություն

Դատախազությունը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք է ստացել։

Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համապատասխան գրություններ էր հասցեագրել իրավապահ մարմիններին։ Նա դատապարտել էր և անընդունելի էր համարել անձի գրառումը։