Հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման պայմանը պետք է լինի Ցեղասպանության ճանաչումը (տեսանյութ)

LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը, որի հետ խոսեցինք հնդիկ ժողովրդի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը Երևանում կանգնեցնելու՝ Երևանի ավագանու որոշման մասին։

Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստին որոշում ընդունեց Մահաթմա Գանդիի արձանը քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետին նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած առաջարկը հավանության են արժանացրել Երևանի գլխավոր ճարտարապետը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:

Սոնա Աղեկյանն անընդունելի է համարում Հայաստանի կողմից նման զիջողականությունը դիվանագիտության դաշտում, երբ Հայաստանն առանց կամք թելադրելու՝ անխոս ընդունում է մի պետության առաջարկը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման համար առաջնային պայմանը պետք է լիներ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։ Գանդին հայտնի է իր թուրքամետ գաղափարներով և Աթաթուրքին աստվածացնելով, իսկ Հայաստանի համար այդ գործիչը որևէ բան չի արել, համենայնդեպս դրական առումով։ Այլապես ստացվում է՝ եթե Թուրքիան Հայաստանին առաջարկի Երևանի որևէ այգում տեղադրել Աթաթուրքի արձանը՝ տրամադրելով արձանի տեղափոխման, տեղադրման ծախսերը և արձանն էլ իր կողմից նվիրաբերելով, մեր իշխանությունները պետք է սիրալիր համաձայնեն։

Մանրամասները՝ տեսանյութում