ՄԻՊ-ը գրություններ կհասցեագրի իրավապահ մարմիններին՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին ատելության խոսք պարունակող գրառման առնչությամբ

«Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին երեխայի դեմ երեկ համացանցում ատելության խոսք տարածող գրառմանը:

«Հատուկ նշում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»,- գրել է Արման Թաթոյանը: