Պուտինը մերժեց Փաշինյանի և Լուկաշենկոյի՝ գազի գինը նվազեցնելու հայտը

«Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը»,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:

«Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,- իր ելույթում ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

«Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահն ավելացրել է, որ, եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:

Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:

«Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինն առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում»,- նշել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ, եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տված իր ասուլիսի ընթացքում ևս անդրադարձել էր հայ-ռուսական գազային բանակցություններին, կարելի է ասել, ավելի մեղմ տոնայնությամբ՝ նշելով, որ այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ։

«Գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը կքննարկվի։ Բացի այդ, Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող։ Սակայն նավթի գնի նվազման, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն էլ հաշվի առնելով` ակնկալում ենք, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ»,- ընդգծել էր ՀՀ վարչապետը։