Իսպանիան օտարերկրացի զբոսաշրջիկներին կընդունի հունիսի վերջից

Իսպանիան պատրաստվում է օտարերկրացի զբոսաշրջիկներին հունիսի վերջից ընդունել, հայտարարել է տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայում Իսպանիայում օտարերկրացիների մուտքի համար խիստ սահմանափակումներ են գործում․ երկիր կարող են այցելել միայն նրանք, որոնք ֆորսմաժորային իրավիճակում են, ինչպես նաև սահմանամերձ շրջանների դիվանագետներն ու աշխատողները։ Արտերկրից ժամանածների համար 14-օրյա կարանտին է գործում։

Ուրբաթ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Արանչա Գոնսալես Լայան հայտարարել է, որ իշխանությունները գիտակցում են զբոսաշրջության նշանակությունը երկրի տնտեսության համար և ձգտում են հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին՝ միաժամանակ հսկողության տակ վերցնելով կորոնավիրուսի տարածումը:

«Մեզ շատ է մտահոգում այն հատվածը, որը կարևոր է մեր երկրի և որոշ ինքնավար համայնքների համար։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ օտարերկրացիները գան, քանի դեռ իսպանացիները գտնվում են կարանտինի մեջ: Հունիսի վերջից կսկսենք զբոսաշրջային գործունեությունը։ Հուսով եմ, որ այդպես կլինի։ Եթե կարանտինային միջոցառումների վերացումը լավ ընթանա, մենք կարող ենք Իսպանիան գրավիչ դարձնել սանիտարական տեսանկյունից»,-ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև «զբոսաշրջությունը խթանել հատկապես կղզիներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքն ու համաճարակաբանական լավ իրադրություն է»: