Էրդողանը վախենո՞ւմ է «արտասահմանյան դավադրություններից»

Ընդամենը մի քանի օր առաջ մենք հաղորդել էինք, որ Թուրքիայում տիրում է ընդհանուր խուճապի մթնոլորտ, պայմանավորված նրանով, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) մեղադրել է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, առաջին հերթին՝ քեմալական Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությանը (CHP) պետական ​​հեղաշրջման որոշակի նախապատրաստության համար: Մենք նաև գրել էինք, որ ի պատասխան՝ քեմալական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել պաշտոնից հեռացնել Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, եթե պետության ղեկավարը կասկածներ ունի նոր հեղաշրջման փորձի վերաբերյալ: Այսինքն՝ նա նախագահին կոչ է արել կադրերի փաստացի փոփոխություն կատարել ինչպես կառավարությունում, այնպես էլ իշխող կուսակցության մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ռեպրեսիայի են ենթարկում նաև նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և նրա Ապագայի կուսակցությունը:

Չի կարելի անտեսել Էրդողանի քաղաքական հակառակորդների տրամաբանությունը. իսկապես, եթե նա կրկին վախենում է հեղաշրջումից, ապա դավադիրներին պետք է իր շուրջը փնտրի, ինչպես նաև զինված ուժերի շարքերում, որոնք 2020-ի մարտից սկսել են կտրուկ դեմ արտահայտվել այն բանի, որ Էրդողանը ներքաշվել է Սիրիայի դեմ պատերազմի մեջ: Թուրք գեներալները մարտից մեղադրում են նախագահին՝ թուրքական բանակը հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի օգտագործելու համար, նշելով, որ իրականում թուրքերին Սիրիայում պատերազմ պետք չէր: Սակայն, մայիսի 11-ին, արդեն հակառակորդների դեմ սպառնալիքներով հանդես եկավ ինքը՝ Թուրքիայի նախագահը: Էրդողանը հեռուստատեսային ելույթում հրապարակավ խոստացել է հաղթահարել բոլոր «օտարերկրյա դավադրությունները»՝ ուղղված երկրի տնտեսությանը, այն բանից հետո, երբ անցած շաբաթ թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ ընկել էր ռեկորդային ցածր մակարդակի: Էրդողանը նման խոստմամբ հանդես է եկել մի քանի ժամ անց այն պահից, երբ Թուրքիայի ֆինանսական կարգավորողի կողմից հրապարակվեց երեք օտարերկրյա բանկերից (ֆրանսիական BNP Paribas SA, ամերիկյան Citigroup Inc. և Swiss UBS Group AG) երկրի շուկայում գործարքների իրականացման արգելքի մասին որոշումը: Ըստ նրա՝ արտասահմանյան «խաղացողները» փորձում են խաթարել Թուրքիայի տնտեսությունը և երկրի տնտեսական կառավարումը «վատ վիճակում» թողնել: «Մենք տեղյակ ենք մեր տնտեսության և դրա կառավարման դեմ դրված թակարդների ստորաքարշ նպատակների մասին»,- նշել է Թուրքիայի նախագահը նախարարների կաբինետի նիստը վարելուց անմիջապես հետո:

Մի քանի խոսք իրավիճակի էության մասին: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը՝ Թուրքիան աստիճանաբար ավելի է խոչընդոտում օտարերկրյա ներդրողներին «թուրքական լիրայի դեմ դրույքներ դնել», սահմանափակելով իրացվելիության հասանելիությունը 2018 թ. արժութային ճգնաժամից հետո: Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը (BDDK) մայիսի 7-ին արգելել է նշված բանկերին լիրայով գործարքներ իրականացնել: Դրա պատճառը դոլարի նկատմամբ թուրքական արժույթի անկումն էր պատմական ամենացածր մակարդակի: BDDK-ն իր որոշումը հիմնավորել էր այն փաստով, որ այդ բանկերը ի վիճակի չեն եղել ժամանակին կատարել թուրքական բանկերի հետ լիրայի գործարքների վերաբերյալ իրենց պարտավորությունները: Թուրքիայի ազգային արժույթը վերջին օրերին կայունացել է 7.0735-ի մակարդակի դոլարի նկատմամբ՝ վերականգնվելով պատմական ցածր մակարդակից հետո՝ 7.2690 (մայիսի 7): Այս ամենի պատճառով է, որ Էրդողանը սկսել է սպառնալ, և, ինչպես տեսնում ենք, ներքին ընդդիմությունից բացի, Թուրքիայի նախագահը իր իշխանության համար սպառնալիք է տեսնում նաև «օտարերկրյա դավադրությունների» կողմից: Այսինքն, նա ակնարկել է, որ ներքին «հեղաշրջում անողներին» աջակցում է արտասահմանից ինչ-որ մեկը՝ փորձելով խաթարել Թուրքիայի ֆինանսատնտեսական համակարգը: Այնուամենայնիվ, «օտարերկրյա դավադրությունների» մասին Էրդողանի սպառնալից հայտարարությունները չեն խանգարում, որ թուրքական իշխանությունները խորտակեն «ավանդական թշնամիներին»: «Anadolu» պետական տեղեկատվական գործակալության համաձայն՝ մայիսի 15-ին Անկարայից հաղորդել են ևս չորս քուրդ քաղաքապետների ձերբակալության մասին երկրի արևելքում (այսինքն՝ Արևմտյան Հայաստանում), գերակշռող քրդաբնակ բնակավայրերում՝ «ահաբեկչությանը» վերաբերող հետաքննությունների շրջանակներում: Ձերբակալված բոլոր քրդերը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) անդամներ են:

Թե կոնկրետ ինչ «օտարերկրյա շրջանակներ» նկատի ուներ Էրդողանը, դեռ պարզ չէ: Սակայն վերջին օրերին հայտնի է դարձել, որ Իսրայելի և Թուրքիայի պաշտոնատար անձինք,  ենթադրաբար, գաղտնի բանակցություններ են վարում՝ նպատակ ունենալով համաձայնության հասնել ծովային սահմանների և բացառիկ տնտեսական գոտիների վերաբերյալ Միջերկրական ծովի արևելյան մասում: Այս մասին վկայակոչելով իր աղբյուրները՝ մայիսի 14-ին հաղորդել է սաուդյան անգլալեզու «Arab News» թերթը: Միջերկրական ծովի արևելյան մասը նաև Հունաստանի և Կիպրոսի շահերի ոլորտն է, որոնք դիմել են Միջազգային արդարադատության դատարան, քանի որ Միջերկրական ծովի արևելյան մասում առանձին համաձայնագրերը թույլ կտան Անկարային ապօրինի գազ արդյունահանել իրենց (այսինքն՝  հունական) բացառիկ տնտեսական գոտիներում: Իսրայելը դատապարտել է Թուրքիայի վարքագիծը որպես ապօրինի, բայց միևնույն ժամանակ հայտարարել, որ չի ուղարկի իր ռազմածովային ուժերը Թուրքիայի շահերին դիմակայելու համար, հիշեցնում է թերթը: Եվ քանի որ թուրքերը սկսել են անդրկուլիսյան բանակցություններ վարել Իսրայելի հետ, ապա, թերևս, հենց Իսրայելում էր, որ Էրդողանը «օտարերկրյա դավադրություններ» է նկատել իր իշխանության դեմ: Նշենք. այդ «օտարերկրյա դավադրությունները» խափանելու սպառնալիքները Թուրքիայի նախագահը բարձրաձայնել է մայիսի 11-ին, իսկ Իսրայելի հետ գաղտնի բանակցությունների մասին հաղորդագրությունները ստացվել են արդեն դրանից հետո: Մեր կարծիքով, սրանք փոխկապակցված փաստեր են: Բացի այդ, ըստ Fars իրանական գործակալության՝ Թուրքիան հետաձգում է այն խողովակաշարի վերանորոգումը, որը մարտի վերջին պայթեցվել էր Քրդական բանվորական կուսակցության (PKK) պարտիզանների կողմից, և իրանական գազի արտահանումը այս երկիր դադարեցվել է: Այնպես որ, գաղտնի բանակցությունները պատահական չեն, ինչպես և Անկարայի դանդաղաշարժությունը Իրան-Թուրքիա գազատարը վերականգնելու հարցում…

Սերգեյ Շաքարյանց