Տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Հայցվորի շահերի ներկայացուցչությունը ստանձնել են «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը՝ հաշվի առնելով գործի մեծ հետաքրքրությունը իրավունքի զարգացման տեսանկյունից։ Գործի ռազմավարական կարևորությունն այն է, որ հայցվորի կողմից զրպարտչական որակված արտահայտությունները կատարվել են (1) դատավորի նկատմամբ և (2) այն պաշտոնատար անձի կողմից, որն ունի դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն։

Հայցվոր կողմն ակնկալում է, որ այս գործի արդյունքում կբարձրացվի դատավորների իրավական պաշտպանվածությունը՝ հետևյալ իրավական չափանիշների ճանաչման և կիրառման միջոցով․

(1) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձինք (առաջին հերթին՝ ԲԴԽ անդամները) պետք է է՛լ ավելի մեծ զսպվածություն ցուցաբերեն դատավորների վերաբերյալ փաստական և գնահատողական դատողություններ կատարելիս։

(2) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձը եթե նույնիսկ պնդում է, որ նկատի չի ունեցել կոնկրետ դատավորի, սակայն առկա են հակառակի մասին օբյեկտիվ հիմքեր՝ դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը և կիրառի դրա իրավական հետևանքները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին: