Մանկապարտեզներում սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար գործելու են սննդի նոր փաթեթավորման ավելի անվտանգ պայմաններ. Տիգրան Վիրաբյան

Շուրջ 11.000 երեխա Երևանում հաճախելու է մանկապարտեզ

Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հարցման միջոցով պարզվել է, որ այդպիսի կարգավիճակում է 11.000 ծնող, որոնց երեխաները մայիսի 20-ին վերսկսելու են մանկապարտեզ հաճախելը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում  ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ծնողների մուտքը մանկապարտեզ արգելված է, մուտքի մոտ առանձնացված տարածքում երեխաները ջերմաչափվելու են: Այնուհետև օրվա ընթացքում մի քանի անգամ ևս ջերմաչափում են իրականացնելու: Ախտահանման աշխատանքները սկսել են այսօրվանից:

«Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, քանի դեռ մենք ապրում ենք համավարակի պայմաններում»:

Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ մանկապարտեզներում սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար գործելու են սննդի նոր փաթեթավորման ավելի անվտանգ պայմաններ:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատակիցներին, նրանք, ովքեր կլինեն վատառողջ, աշխատանքի չեն հաճախի, բայց կվճարվեն 100%-ով: Այն աշխատակիցները, որոնք ռիսկային գոտում չեն, բայց չեն ցանկանում վերադառնալ աշխատանքի, կվճարվեն, բայց ոչ ամբողջովին, այլ հարկադիր պարապուրդի տարբերակով, իսկ աշխատանքի գնացող աշխատակիցների խրախուսելու այլ միջոցներ են նախատեսում:

«Սա մեզ համար նաև ինչ-որ առումով փորձություն է, ու այն աշխատակիցները, որոնք կփորձեն վտանգել երեխաների առողջությունը, շատ արագ կհեռացվեն աշխատանքից»: