Դանթեի դժոխքում ամենադաժան հատվածը՝ Իններորդ շրջանը, հատկացված է դավաճաններին

Դանթեի դժոխքում ամենադաժան հատվածը՝ Իններորդ շրջանը, հատկացված է դավաճաններին։ Ինքը՝ Դանթեն, այդտեղ է տեղադրել երեք հայտնի պատմական դավաճանների՝ Հուդային, ինչպես նաև Բրուտոսին ու Կասիուս Լոնգինուսին, որոնք դավաճանաբար սպանել էին Կեսարին։

Սակայն, եթե Դանթեն ապրեր վեց դար ուշ, ապա վստահաբար Իններորդ շրջանում կպատկերեր նաև Կարմիր բանակի գեներալ-լեյտենանտ, հետագայում՝ ֆաշիստների կողմն անցած ու «Ռուսական ազատագրական բանակը» (РОА) հիմնադրած Անդրեյ Վլասովին։

Վլասովը 1941թ. Մոսկվայի պաշտպանության պաշտոնական հերոսներից էր՝ որպես 20-րդ բանակի հրամանատար։ Ստալինը անձամբ էր նրան ընդունել, ինչի մասին հիացական նամակ էր գրել հարազատներին։ Նաև «Մոսկվան փրկած» հրամանատարների թվում Վլասովի լուսանկարը հայտնվել էր կենտրոնական մամուլում, իսկ ինքը՝ Ստալինի սիրելին դարձած գեներալը, հարցազրույցներ էր տալիս արևմտյան մամուլին (այդ ժամանակ միայն ընտրյալներին էին թույլատրում):

1942թ. ապրիլին նշանակվում է 2-րդ հարվածային բանակի հրամանատար՝ Լենինգրադի տակ, որը սակայն շրջապատման մեջ է ընկնում, և Վլասովը կատարում է նման իրավիճակներում հազվադեպ քայլ. զորքերին դիմելով՝ վայր է դնում բանակի հրամանատարի պարտականությունները և վերջին հրամանով հորդորում զորքերին ինքնուրույնաբար փորձել դուրս գալ շրջապատումից։

Հունիսի վերջին կապը Վլասովի հետ կորում է։ Ստալինը մի քանի որոնողական ջոկատներ է ուղարկում՝ գեներալին գտնելու համար, շատերը զոհվում են, իսկ Վլասովին չեն հայտնաբերում։

Ըստ ականատեսների և գերմանական փաստաթղթերի՝ գեներալ Վլասովը տեղի գյուղերից մեկում առանց դիմադրության հանձնվել է գերմանացիներին, բացահայտել իր ինքնությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցել։

Հետո նա դառնում է ֆաշիստական քարոզչական «պրոյեկտ», սկսում է կարմիր բանակի զինվորներին ուղղված գերմանական քարոզչական նյութեր ստորագրել, գերմանացիների կողմն անցնել հորդորող հայտարարություններ տարածել, խորհրդային ռազմագերիներից ձևավորում ու գլխավորում է «Ռուսական ազատագրական բանակը», հիմնադրում է «Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոմիտեն» (КОНР):

РОА-ն միայն 1944թ. վերջերին է սկսում մասնակցել ռազմական գործողություններին, իսկ 1945թ. մայիսին դավաճանում է արդեն ֆաշիստներին՝ Պրահայում զենքերն ուղղելով վերմախտի դեմ։

1945թ. մայիսին Ստալինը կրկին ջոկատներ է ուղարկում Վլասովի գտնվելու հավանական տարածք, սակայն այս անգամ՝ այլ նպատակով։

Գեներալ Վլասովը Կարմիր բանակի հատուկ ստորաբաժանման կողմից հայտնաբերվում է 1945թ. մայիսի 12-ին՝ հանձնվելու համար ամերիկացիների մոտ մեկնելու ճանապարհին։ Նա ձերբակալվում է, դատվում, դատապարտվում հայրենիքի դավաճանության համար, և РОА-ի վերնախավի հետ (որոնցից շատերին հանձնել էին Ամերիկացիները)՝ 1946թ. օգոստոսի 1-ին բարձրացվում կախաղան։

Հ.Գ. Վլասովը թերևս միակ մարդն է, որ պատերազմի ընթացքում անձամբ հանդիպել է թե՛ Ստալինին (1941թ. նոյեմբեր) և թե՛ Հիտլերին (1944թ. սեպտեմբեր):

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Դանթեի դժոխքում ամենադաժան հատվածը՝ Իններորդ շրջանը, հատկացված է դավաճաններին։ Ինքը՝ Դանթեն այդտեղ է տեղադրել երեք…

Опубликовано Ruben Melikyan Воскресенье, 17 мая 2020 г.