Ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ իրավական գործընթացները քննարկել եմ ՌԴ իմ գործընկերոջ հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենայն մանրամասնությամբ քննարկել է Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ տարվող իրավական գործընթացների վերաբերյալ հարցը։ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Լրագրողի հարցին, թե ՌԴ-ի իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ կատարվող իրավական գործընթացները, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակներին՝ ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ Ռուսաստանի Դաշնության իմ գործընկերոջ՝ ՌԴ նախագահի հետ, և մենք այդ թեմայով ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Մնում է, որ դրանք ի կատար ածենք, իրականացնենք այդ պայմանավորվածությունները, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերություննրի շահերը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի գնահատմամբ՝ առկա է շատ հարուստ օրակարգ երկու երկրների հարաբերություններում: «Եվ այդ հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ: Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային տարբերակով: Բոլոր դեպքերում էլ պետք է լինեն կոմպրոմիսներ, բարեկամական, դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմբռնում: Դա ամենակարևորն է, և ես համոզված եմ, որ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիայի», «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, «Օրսիս Արմսի» առնչությամբ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է քննություն։