Միքայել Մինասյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Նիկոլ Փաշինյան

«Նշված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և, որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են»,- այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե վարչապետը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկել է խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին և հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից՝ քրեական գործ չհարուցելու դիմաց:

«Կա նաև այսպիսի մի հանգամանք. ես ասել եմ՝ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս կոռուպցիայի դեմ հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային, իմ աշխատանքային հայտարարություններից, բայց դա հարց է, որի պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի եղբայր ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից ապօրինի կերպով ծխախոտ արտահանելու հրապարակումներին, Փաշինյանն ասաց, որ այդ դրվագով դատական հայց է ներկայացված:

«Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու անհրաժեշտություն և կարիք կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան տեսնելու՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, որ այստեղ կա մի նրբություն. «Ուզում եմ նշել, որ այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել, այդ արտահանողները իրենք էին, որ պետք է արտահանեին երրորդ երկիր, և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել: Դա արդեն, կարծում եմ, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: