Արաբական Միացյալ Էմիրություններն ընդլայնում է հումանիտար, զարգացման ծրագրերը. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին անդրադարձել է ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին և նշել, որ ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը, և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա:

Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, դեսպանը նշել է. «ԱՄԷ-ի մարդասիրական ուղերձն ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին` անկախ սեռից, կրոնից և ռասսայական պատկանելիությունից»։

Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել 17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ:

«Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը տարածաշրջանում իր տեսակով ամենամեծն է, որի գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման և հասարակական աշխատանքներ: Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ`մարդասիրական և բարեգործական օժանդակություններ, առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում, կրթության և գիտելիքի տարածում,ապագայի նորարարություն, հասարակությունների հզորացում:

Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները: Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը: