Կառավարությունը նպատակ ունի ձեռք բերել 25 հազար համակարգիչ հեռավար ուսումը լիարժեք ապահովելու համար

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցվածք ունենա։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ։ Այդ ամենի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ այս տարի, չնայած դպրոցների փակ լինելուն, ուսումնական տարին կհասցվի ավարտին:

Նրա խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցվածք ունենա մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես երկրում կլինի կորոնավիրուսային հիվանդությունը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ 2020 թվականի մարտից փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։