Ախալցխայի հին հայկական գերեզմանատան հարակից տարածքում շինարարություն է իրականացվում․ հայտնաբերվել են մարդու ոսկորներ

Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող հին գերեզմանատան հարակից տարածքի բնակիչները դեպի տուն գնացող ճանապարհը, առանց քաղաքապետարանի թույլտվության, որոշել են լայնացնել, ինչի հետևանքով հին գերեզմանոցից մարդու ոսկորներ են դուրս եկել:

«Դեպի տուն գնացող ճանապարհն են ուզում լայնացնել: Եկեղեցու մոտ քանդել են, քարերը դեն նետել և հայտնաբերած ոսկորներն էլ ցաքուցրիվ արել»,-նշել է Ախալցխայի հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:

Կատարվածի մասին հայտնել են տեղի պատկան մարմիններին: Պարզվել է՝ ճանապարհի շինարարությունն անօրինական է:

«Տեղի պատգամավորը, քաղաքապետարանի աշխատակիցները և ազգությամբ հայ պաշտոնյաները խոստացան հարցին ամենաբարձր մակարդակով լուծում տալ», -ասում է Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:

Ինչպես գրում է Սամցխե-Ջավախքի լրատվականը, տվյալ գերեզմանատունը համարվում է Ախալցխայի ամենահին գերեզմանոցներից մեկը, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են հուղարկավորված, սակայն գերեզմանատունը հիմնականում հայկական է, ինչի մասին են վկայում բազմաթիվ հայկական տապանաքարերը։ Գերեզմանատունը գտնվում է հրեական գերեզմանատան հարևանությամբ։