Ֆրանսիայի լողափերը բացվել են. ցանկացողները տեղը նախապես պետք է ամրագրեն առցանց եղանակով

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Լա Գրանդ-Մոտ կոմունայի ղեկավարը ցանկանում է շրջանի բնակիչներին լողափերից մեկում արևայրուք ընդունելու թույլտվություն տրամադրել, սակայն դրա համար քաղաքացիները պետք է առցանց եղանակով նախօրոք ամրագրում կատարեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ֆրանսիան մայիսի 11-ից սկսել է աստիճանաբար չեղարկել կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանված սահմանափակումները։ Իրենց գործունեությունն են վերսկսել դպրոցները, հագուստի խանութները, գեղեցկության սրահները և այլն։ Հայտնի է, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ավելի վաղ հայտարարել էր, որ լողափերն առնվազն մինչև հունիսի 1-ը նախատեսվում է փակ պահել։

Այնուհետև առանձին շրջանների իշխանություններ հայտարարել էին լողափերը բացելու մասին, սակայն ոչ թե արևայրուք ընդունելու և պիկնիկ կազմակերպելու, այլ սպորտով զբաղվելու և ծովափով զբոսնելու համար։

Էրո դեպարտամենտում ակնկալում են, որ արդեն մյուս շաբաթվա վերջին լողափերը բացելու թույլտվություն կսահմանվի։ Տեղական իշխանությունների ծրագրի համաձայն՝ այդ լողափերում հնարավոր կլինի վազել, լողալ, զբոսնել, սակայն արևի տակ անշարժ պառկելը կարգելվի։

Լա Գրանդ-Մոտ կոմունայի ղեկավար Ստեֆան Ռոսինյոլն էլ, իր հերթին, առաջարկել է լողափերից մեկում փորձարկում անել, որի ընթացքում բոլորին թույլատրել է արևայրուք ընդունել։ Փորձարկման համար մոտ 2000 քառակուսի մետր տարածք կտրամադրվի, որտեղ մարդիկ կարող են փռել սրբիչներն ու արևայրուք ընդունել։

«Անվճար կլինի, սակայն մարդիկ պետք է նախօրոք զբոսաշրջային գրասենյակի միջոցով առցանց եղանակով ամրագրում կատարեն: Տեղանքում անձնակազմ կլինի, որը կդիմավորի մարդկանց: Լողափում երկու-երեք կամ վեց հոգանոց խմբերով կարող է ամենաշատը 260 մարդ լինել»,- նշվում է առաջարկում։