Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով նվազեցնել բնական գազի գինը

Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով նվազեցնել հանրապետություն ներկրվող բնական գազի գինը: Այս մասին տեղեկացնում է finance.rambler.ru կայքը` հղում անելով Ղրղզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովին:

«Պետական կոմիտեն ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին հասցեագրված նամակ էր ուղարկել 2020 թվականի ապրիլի 23-ին»,-ասել է Օսմոնբետովը:

Նրա խոսքով՝ Ղրղզստանում կորոնավիրուսի և մի շարք այլ պատճառներով ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը կարող է ստիպել բնակիչներին հրաժարվել գազի օգտագործումից, քանի որ ղրղզական սոմի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ինքնաբերաբար բարձրանում է:

«Մենք ռուսական կողմին խնդրում ենք վերանայել դրա վաճառքի գինը և այն դարձնել 150 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար»,-խնդրել է Օսմոնբետովը:

Ներկայում Ղրղզստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խորանարդ մետրի համար 170 դոլար գնով:

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը պետք է նվազեցվի, քանի որ Ռուսաստանն «այս դժվարին ժամանակահատվածում» Եվրոպային գազ է վաճառում 1000 խորանարդ մետրը 70 դոլարով, մինչդեռ Մինսկը շարունակում է այն գնել 127 դոլարով: