«Մարդու հիմնարար քաղաքական իրավունքներից մեկն արդեն 60 օր շարունակ գտնվում է ամբողջական արգելանքի ներքո, և այդ վիճակը շարունակվելու է ևս առնվազն 30 օր»․«Իրավական Ուղի» ՀԿ

ԽՆԴՐԱԳԻՐ

Հավաքների ազատության իրավունքը քաղաքացիներին վերադարձնելու մասին

Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով, ի թիվս այլոց, սահմանվել է հավաքների ազատության արգելք։ Այդ արգելքը պահպանվել է նաև կառավարության ապրիլի 13-ի և մայիսի 14-ի որոշումներով։

Այսինքն՝ մարդու հիմնարար քաղաքական իրավունքներից մեկն արդեն 60 օր շարունակ գտնվում է ամբողջական արգելանքի ներքո, և այդ վիճակը շարունակվելու է ևս առնվազն 30 օր։

Եթե սկզբնական շրջանում այդ արգելքը կարող էր ընկալվել որպես անհրաժեշտ և համաչափ, ապա այսօր այդ ընկալումն արդեն գոյություն չունի՝ հետևյալ պատճառներով.

1) ի սկզբանե կիրառված շատ այլ կոշտ սահմանափակումներ արդեն վերափոխվել են ճկուն գործիքների, երբ իրավունքի իրականացման հնարավորությունը ոչ թե արգելափակվում է, այլ պայմանավորվում կանխարգելիչ միջոցառումներով (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում և այլն)։

2) իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստեղծում է հանրային դժգոհության առիթ տվող իրավիճակներ (զգայուն հարցերով առանց պատշաճ քննարկման հապճեպորեն ընդունում է խիստ վիճելի իրավական ակտեր, նախաձեռնում է կասկածելի քրեական հետապնդումներ)՝ միաժամանակ քաղաքացիներին արգելելով հավաքների կազմակերպմամբ սահմանադրական ճանապարհով բողոքել ապօրինությունների դեմ։ Այդպիսով իշխող քաղաքական ուժը հավաքների արգելքն օգտագործում է հակաիրավական նպատակով։

Նշվածի հիման վրա ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ կոչ ենք անում օգտվել ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի –2-րդ կետով իրենց վերապահված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հավաքների ազատության արգելքն այսուհետ ճանաչել Սահմանադրության 76-րդ (սահմանափակումները՝ «միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը» պայման) և 77-րդ («համաչափության սկզբունք») հոդվածներին հակասող ու անվավեր։

Սույն խնդրագիրը բաց է հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների կողմից միանալու համար։