«Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ»

Հարցրել է Ռաֆայել Իշխանյանը` Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների առնչությամբ

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ Նոր Կտակարանից դուրս են թողնվել Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, որոնք հայտնի մտավորականը կարևորել է այնքան, որ նույնիսկ համարել կամ անվանել է հինգերորդ Ավետարան:

Վերոնշյալ հարցադրմամբ և այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ընդգծել էինք, որ Առաքելական կանոնները պարականոն ինչ-որ գրվածք չեն, սակայն, դրանով հանդերձ, դուրս են թողնվել Նոր Կտակարանից: Չեն ներառվել Նոր Կտակարանում` չնայած իրենց կարևորությանը և այն հանգամանքին, որ Կանոնները վերաբերվում են ոչ միայն առաքյալներին և նրանց գործի շարունակող անցյալի և մերօրյա հոգևորականներին, այլև Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, յուրաքանչյուր քրիստոնյայի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին:

Միաժամանակ ունենալով որոշ հիմքեր, առաջ էինք քաշել այն վարկածը, որ Առաքելական կանոնները Նոր Կտակարանից միտումնավոր դուրս են թողնվել, չեն ներառվել Նոր Կտակարանում Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաների դեմ գրված բաներ կան: Կարդացեք Առաքելական կանոնները, և դրանում կհամոզվեք ինքներդ:

Հիշեցնենք, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված  Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Գրաբարից Առաքելական կանոնների աշխարհաբար արևելահայերեն փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:

«Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը խորհրդային ժամանակներում մեր ազգի լավագույն հավատացյալներից էր,- «Իրատես» թերթում Կանոնների առնչությամբ հրապարակված իր ընդարձակ նախաբանում գրել է Առաքելական կանոնները գրաբարից աշխարհաբար արևելահայերենի փոխադրած գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանը:- Խորհրդային օրերին, երբ հավատացյալ մտավորականներն անգամ, հալածանքից կամ բամբասանքից վախենալով՝ հազվադեպ էին եկեղեցի այցելում, մի լրագրողուհի, որ Նորագավթից էր, վկայեց, թե. «Ապշելու բան տեսա: Այդ հռչակավոր գիտնականը ծնկի էր եկել մեր Սուրբ Գևորգ եկեղեցում, հայացքը վեր՝ վերացած այս աշխարհից», երբ մտավորական հավատացյալներիցս քչերն էինք համարձակվում ամենքի ներկայությամբ Աստծո առաջ ծնկի գալ:

Մի օր էլ, երբ արդեն պատգամավոր էր, բնականաբար, հոգսերն ու գործերն ավելի շատ, հանդիպեցինք գրողների տան մոտ: Գիտնականն ուրախ ողջունելուց հետո հարցրեց.

-Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ:

Այդ օրերին էլի գրվածքներ էին հայտնի, որ հինգերորդ Ավետարան էին անվանվում, և ես տարակուսանքով հետաքրքրվեցի, մտածելով թե գուցե նման գրքի մասին է խոսքը:

-«Առաքյալների կանոններն» են,- իմ տարակուսանքը փարատեց գիտնականը,- Ղուկաս Ավետարանիչն է հեղինակը:

Ինձ համար ուրախություն էր այդ մասին լսելը, որովհետև արդեն գրաբարից փոխադրել էի Ղուկասի «Առաքյալների կանոնները», որն ահա մեծարգո գիտնականն անվանում էր հինգերորդ Ավետարան: Հաճելի զարմանքով լսեց, որ արդեն փոխադրել եմ և, ասես ինչ-որ հոգսից թեթևացած, հրաժեշտ տվեց: Վստահ էի, որ եթե առողջություն ու ժամանակ ունենար՝ ինքն այդ անգին հոգևոր գոհարը վաղուց փոխադրած-հրատարակած պիտի լիներ:

Փոխադրությունն առաջին անգամ հրապարակվեց  «Գարուն» ամսագրում` անկախության առաջին տարիներին:

Ապա հայրական հովանավորությամբ և հոգատարությամբ «կանոններն» առանձին գրքույկով հրատարակեց Երուսաղեմի միաբան, Երևանի պետհամալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան ՇԱՀԵ արքեպիսկոպոս ԱՃԵՄՅԱՆԸ:

Սրբազանի ուրախությունը «Առաքյալների կանոնների» հրատարակման առթիվ այն իմաստուն խոսքի ըմբռնումն ուներ, թե` որքան էլ թանկարժեք գանձեր ունենաս Մատենադարանում պահած, եթե գործածության մեջ չես դնում, այդքան իսկ դրանք սակավօգուտ են մնում:

-Որդյա՛կ,- ասաց,- ես չգիտեմ էլ ինչ բարի գործեր ունես կատարած, բայց համոզված եմ, որ այս աշխատանքը բոլոր գործերիցդ լավագույնն է:

Սրբազանի տպագրած գրքույկը` 5000 օրինակ, մեծ մասամբ նվիրեցինք մեր եկեղեցիներին, դպրոցներին, գրադարաններին, հավատավոր մտավորականների: Նաև Սփյուռք ուղարկեցինք:

Այսօր արդեն, երբ հայոց դպրոցներում հոգևոր դասընթացներ կան, և Քրիստոսի եկեղեցու հանդեպ նեռային ճնշումները հզորանում են ու սաստկանում, նոր հրատարակության պահանջարկ առաջացավ, որ նվեր տանք մեր թեմերին, հայ հավատացյալ մեր ժողովրդին: Այն հույսով, որ առաքելական պարզ, անպաճույճ, կենդանարար և արմատական սահմանումները, երբ լսող լինենք` կամրացնեն մեր հավատքը` մղելով մեզ առավել իմաստուն ապրելակերպի ու փրկաբեր կյանքի` երկնաբույր մխիթարություններով:

Եվ Աստծո առավել օրհնությունը խնդրենք, որ իջնի բանիմաց այն մարդկանց վրա, ովքեր այս և նման այլ գործերի համար իրենց քրիստոնեական վերանձնական ներդրումը պատիվ համարեցին: Ամե՛ն»:

Ստորև ներկայացնում ենք Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, թարգմանչի բնորոշմամբ, «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Արթուր Հովհաննիսյան

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Հույների իշխանության երեք հարյուր երեսունիններորդ տարին էր, հռոմեացիների կայսր Տիբերիոսի թագավորության ժամանակը, հունիս ամսի չորսը՝ մեկշաբթի, որը և Պենտեկոստեի կատարման հիսուներորդ օրն էր: Այս նույն օրը աշակերտները եկան Գալիլիայի Նազարեթ քաղաքը, որտեղ Գաբրիել հրեշտակը Տիրոջով հղիանալու ավետիսը տվեց Կույս Մարիամին: Նույն այդ օրը, վաղ առավոտյան, աշակերտները Ձիթենյաց լեռը բարձրացան, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, սովորական աչքի համար աներևույթ տեսիլքով, եղավ նրանց մեջ և զորացրեց նրանց: Այս մեծ կիրակիի առավոտյան կողմ Փրկիչը, բարձրացնելով իր տերունական ձեռքը, դրեց տասնմեկ աշակերտների գլխներին և նրանց շնորհեց քահանայության աստիճան, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ձեռնադրությամբ նույն քահանայությունը շնորհեն իրենց աշակերտներին: Եվ երբ աշակերտները երեցության պարգևն ընդունեցին և պատվեր ստացան, որ իրենք ևս քահանայության պարգևով օծեն իրենց հնազանդ աշակերտներին, որպեսզի նրանք էլ Ավետարանի քարոզողներ և ընդհանրական սուրբ եկեղեցու սեղանի սպասավորներ լինեն, մկրտեն բոլոր հեթանոսներին՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, այդ ժամանակ հանկարծահաս մի լուսավոր ամպ եկավ, վերցրեց Կենարարին ու բարձրացրեց երկինք:

Եվ առաքյալները, որ միաբան արժանի եղան լուսավոր այդ տեսիլքը տեսնելուն և Աստված Որդու համբարձմանն ու Հոր աջ կողմը նստելուն՝ ցնծալից ուրախությամբ փառաբանում և գոհանում էին Աստծուց, և այնպիսի ուրախություն էր, որի մասին Տերը նախօրոք էր նրանց ասել, թե. «Առավել ուրախություն պիտի լինի այն ժամանակ, երբ Մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեմ»: Նրանք ուրախանում և ցնծում էին, որովհետև քահանայության աջն ընդունել էին ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնը: Եվ Ձիթենյաց լեռից իջնելով, նրանք եկան Վերնատուն, որտեղ իրենք էին առաջին եկեղեցին: Այստեղ էր, որ Տիրոջ հետ միասին զատիկը կերան, այստեղ էր, որ աշակերտները հարցրին Նրան, թե ո՞վ է նա, որ Նրան պիտի մատնի հրեաների ձեռքը: Այստեղ էր, որ եղան վեճեր և հարցմունքներ: Եվ այստեղ էր, որ աշակերտները միմյանց մասին հոգ էին տանում, և մտածում, թե ինչպես մեր Տիրոջ արքայության Ավետարանը ամբողջ երկրի վրա քարոզեն: Եվ այստեղ էր, որ Տերն իր սուրբ Մարմնի և Արյան խորհուրդը աշակերտներին հայտնեց, որով նրանք առաջինը մտան հավիտենական լույսի թագավորության մեջ: Եվ այստեղ, այդ նույն օրը, միաբան ամենքով կատարեցին Սուրբ Հաղորդության խորհուրդը, և այստեղ դրեցին Արքայության Ավետարանի քարոզչության սկիզբը՝ ողջ տիեզերքի համար: Եվ մինչև Տիրոջ աշակերտները այն մտատանջությունների մեջ էին, թե Արքայության Ավետարանը ինչպես քարոզեն հեռավոր և օտար աշխարհներում, երբ այդ աշխարհների լեզուները չգիտեն և ասում էին. «Սքանչելի զորությունները, նշաններն ու բժշկություններ գործելը, որ ստացանք մեր Տիրոջից և Նրա սուրբ անվան վրա հաստատ հույս ունենք, որ Նա մեզ կպահի օտար ազգերի առաջ, բայց երբ նրանց լեզուները չգիտենք, մեզ ինչպես պիտի լսել կարողանան, երբ իրենց հերթին իրենք ևս չգիտեն մեր լեզուները: Եվ երբ Կենդանարարի անվամբ նշաններ գործենք և բժշկություններ կատարենք, նրանց ինչպես ասենք, որ այդ մեծամեծ նշաններն ու զորավոր գործերը գործում ենք Քրիստոսի անունով, Նրա, որ Խաչվեց»:

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Եվ մինչդեռ առաքյալները այս խորհրդի մեջ էին, Սիմոն Պետրոսը, որ հավատի վեմն ու եկեղեցու հիմքն է՝ առաքյալների անդրանիկը, վեր կացավ և նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, մենք այժմ դեռ չգիտենք, թե Քրիստոսի Ավետարանը ինչպես պիտի քարոզենք այս աշխարհում, սակայն հավատանք և հույս ունենանք այն հոգեբարձությանը, որ այժմ Տերը պատրաստում է մեզ համար, որովհետև Նա մեզ խոստացավ և ասաց, թե՝ երբ իմ Հոր մոտ գնամ, ձեզ մոտ կուղարկեմ Մխիթարության Հոգին, որը կուսուցանի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ արժան է իմանալ, գործել կամ ուսուցանել»: Եվ մինչ Սիմոն Պետրոսը այս բաներն էր խոսում և մեր Տիրոջ խոստումները հիշեցնում առաքյալներին, հանկարծահաս նրանց լսելի եղան բարբառվող հնչյունների ձայներ, և նույն պահին բուրեց մի բույր անուշության, որն այս աշխարհի կողմից երբևէ ընդունված չէր: Եվ երկնքից հրեղեն լեզուներ իջան Սուրբ Հոգով՝ նրանցից ամեն մեկի վրա, և կրակի բոցը հայտնապես նրանց վրա երևում էր: Եվ ըստ այն լեզուների, որ նրանցից ամեն մեկն ընդունեց, այդպես էլ պատրաստեցին իրենց անձերը, որպեսզի այն աշխարհները գնան, որոնց լեզվով որ սկսեցին խոսել:

Եվ մինչ առաքյալների գունդը միաբան ու միասիրտ էր, Սուրբ Հոգու պատվերով նույն օրն իսկ դրեցին և հաստատեցին սուրբ ընդհանրական եկեղեցու կանոնները և օրենքները, որպեսզի այս կանոնները և օրենքները նույնպես միաբան լինեն Ավետյաց Ավետարանի քարոզչությանը և լինեն հենարան իրենց ուսուցանած արդար, ճշմարիտ և հավատարիմ վարդապետությանը:

ԳԼՈՒԽ  Ա

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՂՈԹՔԻ ԿԱՆԳՆԵԼ ԱՐԵՎԵԼՔ ԴԱՐՁԱԾ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ այն ժամանակ, երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը՝ կանգնի՛ր դեմքով արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ»: Որովհետև արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՛ք, որ արժան է աղոթքի կանգնել ու հավիտենական անմահ արքային երկրպագել միայն արևելք դարձած:

ԳԼՈՒԽ  Բ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամեն կիրակի՝ մեկշաբաթի օրը, լինի տոն, պաշտոն և տերունական արյան ու մարմնի խորհրդի կատարում, որ մեզ պատվիրեց Կենարարը, և պատարագի հացը սուրբ սեղան բարձրացվի նույն օրը եփած՝ տաք վիճակում: Իսկ արժանավորները հաղորդվեն առանց որևէ արհամարհանքի, այլ մեծ երկյուղով: Մեկշաբթի օրը լինի դատարկված ու փափկացված, ինչպես Աստված պատվիրեց Նոյին, Աբրահամին ու Մովսեսին: Լինի հանգիստ երկրավոր աշխատությունից, ինչպես յոթերորդ ժամանակի մեջ՝ մեր Տիրոջ հավիտենական արքայության Գալստյան ժամանակ: Ամեն մեկշաբթի ընթերցվեն սուրբ մարգարեների ու առաքյալների գրքերը, իսկ ավարտին՝ կարդացվի այս ամենի գլուխ Ավետարանը և մատուցվի պատարագ, որովհետև մեկշաբթի օրը եղավ արարածների ստեղծումը, մեկշաբթի օրը Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից, և մեկշաբթի օրը ծագեց աշխարհի վրա և մեկշաբթի օրը՝ Պենտեկոստեի ժամանակ, մեր Տերը բարձրացավ երկինք և աշխարհի վախճանին պիտի երևա մեկշաբթի օրը՝ Հայրական փառքով ու երկնային հրեշտակներով հանդերձ:

Շարունակելի