Իրանցի մարզիկներին օրենքով արգելվել է սպորտային միջոցառումներին մրցել իսրայելցիների հետ. korrespondent.net

Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ իրանցի մարզիկներին սպորտային միջոցառումների ժամանակ արգելվում է իսրայելցիների հետ մրցել, հայտնում է korrespondent.net կայքը։

«Մենք ունենք գաղափարական սկզբունքներ, որոնց համաձայն՝ սիոնիստական ռեժիմն ինքնիշխան պետություն չի ճանաչվում, հետևաբար՝ որևէ սպորտային մրցույթ նրանց հետ տեղի չի ունենա»,- հայտնել է խորհրդարանի սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոհամեդ Ազիզը։

Նրա խոսքով՝ եթե այս որոշման հետևանքով իրանցի մարզիկները պետք է որակազրկվեն, ուրեմն «թող այդպես էլ լինի», քանի որ երկրի գաղափարական սկզբունքները շատ ավելի կարևոր են սպորտային մրցույթներից։ Նման քայլի գնալու դեպքում՝ իրանցի մարզիկներին միջազգային պատժամիջոցներից ազատելու պատասխանատվությունը խորհրդարանը դրել է սպորտի ֆեդերացիայի վրա։

Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային սպորտային բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքն այս որոշմանը դեռևս հայտնի չէ։ Իրանը նախկինում նույնպես Իսրայելի նկատմամբ թշնամանքից և պաղեստինիցիների հետ ունեցած համերաշխ հարաբերություններից դրդված՝ իր մարզիկներին արգելել էր պայքարի մեջ մտնել իսրայելցիների հետո։ Իրանի սպորտի նախարարությունը վերջերս փորձում էր իսլամական ակումբի և մարզիկների նկատմամբ նման գործողությունների հետևանքով սահմանված պատժամիջոցներին լուծում տալ։