Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Հունաստանը մայիսի 15-ից  կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթությունը ցանկանում է դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:

Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ այն շատ արդիական հարց է դարձել հատկապես կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում և դրամատիկական փոփոխություններ է մտցրել առօրյա կյանքում:

Առաջին անգամ խաղաղ ժամանակներում այսպիսի մասշտաբային սահմանափակումներ են մտցվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:

«Դա մեզ ստիպել է վերանայել մեր նախագահության ռազմավարությունն ու առաջնահերթությունները»,-հայտարարել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ Հունաստանը որպես կենտրոնական թեմա է ընտրել «կորոնավիրուսի պայմաններում մարդկային կյանքի և հասարակական առողջության պաշտպանությունը, առողջապահության ոլորտում ճգնաժամի արդյունավետ կառավարումը` հարգելով մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայությունները»:

Հունաստանի նախագահության շրջանի կենտրոնական իրադարձությունը կդառնա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ Աթենքում: