Մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, կբացվեն նախակրթարանները. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»,-ասաց պարետը:

Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները:

Ավինյանը սակայն շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապտասխան տույժերի և տուգանքների:

Մանրամասները՝ տեսանյութում