Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան

Մանվել Գևորգյանը ծնվել է 1997 թ., Երևան քաղաքում: 2003-2014 թթ․ սովորել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Նույն տարում ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: 2005-ից զբաղվել է կարատեով։ 2006-ին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 2015-ին հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Պաշտպանության բանակի N զորամասում: Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը հարձակում է գործում Արցախի Հանրապետության վրա։ Մանվել Գևորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում: Ապրիլի 14-ին շուրջ 30 անդամից բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա։ Դիրքում եղել են երկուսով և, կապի ոչ մի միջոց չունենալով, չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, հակառակորդի նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով շարունակել է դիրքի պաշտպանությունը, սկսելով կրակել շարժական թիրախի ձևով, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։ Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել և լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից «Արիության», իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Մարտական ծառայություն» պետական մեդալներով: