Այս կոնվենցիայի կիրառման հետևանքով 10-15 տարի հետո մենք կունենանք լիարժեք այլասերված սերունդ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը խոսեց մայիսի 11-ին ԱԺ-ում 79 կողմ  և 14 դեմ ձայնով վավերացված սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին՝ նշելով, որ այդ փաստաթղթի հատկապես 6-րդ հոդվածը լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Ինչու այդ կոնվենցիան պատշաճ քննարկման չդրվեց և այդպես հապշտապ վավերացվեց օրենսդիրի կողմից, քանի դեռ մարդիկ իրենց տանը փակված են, այն վավերացնելուց առաջ լսելի չեղավ մասնագետների կարծիքը: Սա մտածելու տեղիք է տալիս, որ իշխանությունները մտավախություններ ունեին կոնվենցիայի դեմ հասարակական ընդվզման համար, հետևաբար իրենք էլ թերևս գիտակցում են դրանում առկա խնդիրները։

«Ինքս դեմ եմ որևէ տեսակի շահագործմանը և բռնությանը, և այն հանգամանքը, որ մենք ընդդիմախոս ենք այս կոնվեցիային և սրանից առաջ քննարկված Ստամբուլյան կոնվենցիային, չի նշանակում, թե մենք կողմ ենք դրանց։ Պարզապես այստեղ կան կետեր, որոնք չգիտակցված կամ գիտակցված ՀՀ-ը վավերացրեց, և մենք ունենք այդ կոնվեցիան ՀՀ իրավական համակարգում։ Ընդ որում Սահմանադրությամբ նախատեսված իրավական ակտերի աստիճանակարգում Սահմանադրությունից հետո ունի բարձր իրավական ուժ և օրենքի ու այս կոնվենցիայի հետ հակասության դեպքում կիրառվելու են այս կոնվենցիայի դրույթները»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ սա մինի ստամբուլյան կոնվենցիա է և հետապնդում է նույն նպատակները՝ գլոբալիզացման, հասարակության, ավանդական, ընտանեկան արժեքների վերամոդելավորման առումով։

Ալեքսանդր Կոչուբաևը ներկայացրեց նաև երեխաների սեռական դաստիարակության եվրոպական ստանդարտները: ԱՀԿ-ի եվրոպական ռեգիոնալ բյուրոն և գերմանական առողջապահական ոլորտում լուսավորության դաշնային կենտրոնը «երեխաների սեռական կրթության ստանդարտները Եվրոպայում» փաստաթուղթ են ընդունել 2010 թ., որտեղ բացատրվում է, թե երեխաների տարիքային տարբեր խմբերում ինչպիսի գործիքներով ու միջոցներով, գիտելիքներով պետք է երեխաների դաստիարակությունն ու ուսուցումն իրականացվեն: Այդ փաստաթղթում նշվում է, որ 0-4 տարեկան երեխային պետք է տեղեկացնել հղիության, սեփական մարմնի հետազոտության, վաղ տարիքում մաստուրբացիայի և գենդերային ինքնությունը հետազոտելու մասին:

4-6 տարեկան երեխաներին պետք է սովորեցնել սեփական մարմնին դիպչելուց հաճույք ստանալ, մաստուրբացիայի մասին և ասել, որ բոլոր զգացողությունները նորմալ են, և 6-9 տարեկանում արդեն երեխային պետք է տեղեկացնել սեռական ակտի մասին, հաճույքի, օրգազմի և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում