Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան․ նախարարն ինքնամեկուսացվել է․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց նա։

Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր Կառավարության այսօրվա նիստին։ Նախարարի մամուլի քարտուղարը նշեց․ «Քանի որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, այդ պատճառով նա ինքնամեկուսացվել է»։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: