Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը։ 2-րդ նախագահի պաշտպանները միջնորդել էին փոխել Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոց կալանքը կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավորված։

ՀՀ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այցելել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրենց երաշխավորություն էին հաստատել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Վարչապետները կալանքից ազատվելու դեպքում երաշխավորել էին Ռոբերտ Քոչարյանի վարույթն իրականացնող մարմնից չթաքնվելը, չխոչընդոտելն ու պատշաճ վարքագիծ դրսևորելը ողջ դատավարության ընթացքում։