Լուրջ խնդիրներ կան մեր երկրի առաջ, մենք ընկել՝ խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությմաբ ենք զբաղված (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել  Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին՝ նշեց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս նախորդ տարի՝ 2019-ի փետրվարին դեմ քվեարկեց Կառավարության հնգամյա ծրագրին և այն մտահոգությունները, այն փաստարկները, որ «Բարգավաճ Հայաստանը» բերել էր այդ ծրագրի մեջ ներառված ցուցանիշերի և դրույթների հետ կապված, ցավոք սրտի, իրականացան, որովհետև կառավարության անցած այդ մեկ տարվա ճանապարհը ցույց տվեց, որ ինչքան էլ խոսվում էր, թե տնտեսական թռիչքաձև զարգացում կա, բայց փաստորեն, ցավոք սրտի, լրջագույն մտահոգությունների առաջ կանգնեցինք: Այդպես էլ մենք չիմացանք, թե նոր աշխատատեղեր  ինչքան են ստեղծվել և որտեղ են ստեղծվել Հայաստանում: Ցավոք սրտի, պետական վիճակագրությունը ցույց տվեց, որը մինչև հիմա որևէ մեկը չի հերքել, որ մեզանում օտարերկրյա ներդրումները նվազել են երկու անգամ, քան նախորդ՝ 2018 թվականին, սա լավ բանի մասին չի խոսում: Հայաստան պետք է գային ներդրումներ, և այսօր հենց այս փուլում, երբ մենք ունենք համավարակի դժվարագույն իրավիճակ, մեր տնտեսության և երկրի դիմադրողականությունը շատ ավելի բարձր կլիներ, եթե մենք ունենայինք այդ ներդրումները և նորանոր աշխատատեղերը: Ցավոք սրտի, դրանք չկան»:

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հետևած հայտարարություններին՝ նշեց. «Մենք մեր խորհրդարանական երկու գործընկեր խմբակցությունների ներկայացուցիչներին կոչ ենք արել թողնել այս ամեն ինչը, վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետև հատկապես այս պայմաններում, արտակարգ դրության պայմաններում, համավարակի այս պայմաններում իսկապես մեր երկրի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որոնք օր առաջ լուծվելու կարիք են զգում: Եվ հիմա փոխանակ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու մասով քայլեր ձեռնարկելու, խորհրդարանը զբաղված է օրեր շարունակ արհեստական օրակարգ քննարկելով, որը որևէ մեկին օգուտ չի տալու. թե՛ Հայաստանի հանրապետությանը, թե՛ մեր ազգաբնակչությանը ընդհանրապես»:

«Բավական է ժողովրդի ուշադրությունը այս խնդիրներով զբաղեցնել: Շատ լուրջ խնդիրներ կան այսօր մեր երկրի առաջ, մենք ընկել՝ խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությմաբ ենք զբաղված: Կան իրավապահ մարմիններ, թող իրենք բարձր գտնվեն, հետևողական լինեն օրենքով իրենց վերապահված լիազորություներն իրականացնելու հարցում, և մենք մեզ ազատենք այս խնդրից»,- հավելեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում