2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3.5, 2021-ին կաճի 5.5 տոկոսով․ ՎԶԵԲ կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի ՀՆԱ անկումը 2020 թվականին կանխատեսում է 3,5 տոկոսի մակարդակում, նշվում է տարածաշրջանային տնտեսության մայիսյան զեկույցում։

«Հայաստանում տնտեսական աճը 2019 թվականին ավելացել է 7,6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի ուժեղ աճով: Չնայած դրան՝ գնաճը 2020-ի առաջին եռամսյակում բացասական է»,- նշվում է զեկույցում։

ՎԶԵԲ-ի զեկույցի համաձայն՝ համեմատաբար կայուն փոխարժեքի պայմաններում՝ զուգորդված գնանկումային ճնշումներով և ներքին պահանջարկը պահպանելու ձգտումով, 2020 թվականի ապրիլին Հայաստանի Կենտրոնական բանկը երկու անգամ անընդմեջ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5,0 տոկոս, ինչը 2010 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

«Կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ անորոշությունը, պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների փոփոխականությունը ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝  հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի նվազման և անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման միջոցով»,- ասված է զեկույցում։

ՎԶԵԲ-ի փորձագետների կանխատեսմամբ՝ սոցիալական զսպման երկարատև միջոցառումներն ու ցածր շարժունակությունը վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջային հատվածին։

«Մենք կանխատեսում ենք, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով, իսկ 2021 թվականին կվերականգնվի 5,5 տոկոսով»,-ասվում է զեկույցում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2020 թվականին տնտեսական աճի կրճատում է կանխատեսել նաև հարևան Վրաստանում, Ադրբեջանում, նաև Ռուսաստանում։

Ակնկալվում է, որ Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կնվազի 5,5 տոկոսով, իսկ 2021 թվականին կվերականգնվի մինչև 5,5 տոկոսով, ասել է ՎԶԵԲ-ը՝ հավելելով, որ տնտեսությունը լրջորեն կտուժի, քանի որ տրանսպորտային սահմանափակումները կհարվածեն ճանապարհորդություններին և զբոսաշրջությանը:

«Եթե հաշվի առնենք, որ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները սովորաբար կազմում են երկրի ՀՆԱ-ի գրեթե մեկ հինգերորդը, բացասական ազդեցությունը լայնորեն կտարածվի շատ ոլորտներում»,- ասված է տարածաշրջանային տնտեսության հեռանկարների մասին բանկի զեկույցում:

Տնտեսության վերականգնումը կախված կլինի «վիրուսի զսպմանն ուղղված ներքին միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին բնականոն կյանքին վերադառնալուց», հավելել է ՎԶԵԲ-ը։

ՎԶԵԲ-ը 2020 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի անկում է կանխատեսում 3 տոկոսի մակարդակում։ Ըստ բանկի գնահատականների ՝ 2021 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3 տոկոս։

ՎԶԵԲ-ում նշում են, որ Ադրբեջանում փոխարժեքն այսօրվա դրությամբ մնում է կայուն, բայց նավթի ցածր գների և համաշխարհային թույլ պահանջարկի երկարատև ժամանակահատվածը կարող են հանգեցնել տնտեսության մեջ լուրջ անհավասարակշռությունների:

Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը դեռևս կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը վերջին ամիսներին նշանակալի էր։ Ակնկալվում է, որ 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, որին կհաջորդի 4,0 տոկոս աճ 2021 թվականին։