Սոցիալական ընդվզմամբ պայմանավորված՝ իշխանության կողմից ընդդիմության վրա ճնշումներն ավելանալու են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Հանրային վերահսկողության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանը, որի հետ խոսեցինք նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները վերացնելու՝ կառավարության որոշման մասին։ Այսօր Հայաստանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ որոշակի սահմանափակումների հետևել, բայց ըստ էության հիմնական սահմանափակումները վերացվել են: Եվ դա արվեց ճիշտ այն ժամանակ, երբ երկրում վարակվածների և մահացությունների թիվը կտրուկ աճեց և այսօր էլ դեռ նույն կայուն վիճակն է, այսինքն՝ էական նվազում չկա: Մի մասը սա դրական է գնահատում՝ ասելով, որ բնաչության բնական իմունիզացիա կլինի: Մյուս շրջանակն էլ քննադատում է իշխանություններին՝ ասելով, որ ժամանակից շուտ սահմանափակումները վերացվեցին և առաջիկայում մենք մեծ թվով վարակվածներ կունենանք, ինչը հաստատեց նաև առողջապահության նախարարը: Բաբկեն Հարությունյանի գնահատմամբ՝ իշխանությունները, կառավարությունը վարակի տարածման կանխման ուղղությամբ ապաշնորհ քաղաքականություն իրականացրին, ինչի հետևանքով մենք ունենք մեծաթիվ վարակվածներ և մահեր՝ մեր երկրի բնակչության թվի համեմատ։

Բաբկեն Հարությունյանի հետ խոսեցինք նաև Լանսարոտեի կոնվենցիայի մասին։ Մայիսի 11-ին ԱԺ-ը 79 կողմ  և 14 դեմ ձայնով փաստորեն վավերացրեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններին երեխաներին պաշտպանելու Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը նախատեսում է փոփոխություններ քրեական օրենսգրքում, կրթության ոլորտում դասավանդվող առարկաների ու գիտելիքների վերանայում և այլն: Նախկին իշխանություններն էին ստորագրել, սակայն չէին վավերացրել: Մեր զրուցակցի համար կասկածելի էր, թե ինչու այդ կոնվենցիան պատշաճ քննարկման չդրվեց և այդպես հապշտապ ընդունվեց, քանի դեռ մարդիկ իրենց տանը փակված են: Որքանո՞վ են արդարացված մտահոգությունները, որ այն հակառակ ազդեցություն կունենա, ի վերջո կողմնակիցները նշում են, որ դիմադրողները փորձում են խթանել երեխաների նկատմամբ բռնությունը, մինչդեռ անչափահասների նկատմամբ բռնությունները և այն ամենը, ինչի համար կոնվենցիան պատասխանատվություն է նախատեսում, արդեն իսկ մեր քրեական և այլ օրենսգրքերով կարգավորվում է և միակ խնդիրը թերևս կրթությունն ու դաստիարակությունն է: Հենց սրանում է Բաբկեն Հարությունյանը տեսնում կոնվենցիայի խոցելիությունը, ըստ նրա՝ դրա հիմնական նպատակը փոքրահասակ երեխաներին այլասերելն է։

Մանրամասները՝ տեսանյութում