ՊՆ-ն առաջարկում է հատուցել նաև հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։

Նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:

Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ ներկայումս զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաև 1998-2016 թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները (ընտանիքները):