Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:

Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4,3 տոկոս՝ նախորդ օրվա 4,9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4 հազար 461-ը ախտանիշներ չեն ունեցել:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4 հազար 491-ով՝ կազմելով 48 հազար 003: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19,8 տոկոսը: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 2 հազար 212 մարդ: