Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 29 տարեկան

Արգիշտի Գաբոյանը ծնվել է 1991 թ., Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 2008-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այն ավարտելուց հետո, ստանալով լեյտենանտի կոչում, զինվորական ծառայության է անցել Արցախում՝ որպես դասակի հրամանատար:

2014 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել առաջին գումարտակի երրորդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում: Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, պայմանագրային սպա է՝ դասակի հրամանատար,ով մասնակցել է Արցախյան պատերազմին և Ապրիլյան պատերազմին:

Արգիշտի Գաբոյանը 2016 թ.-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է` ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԼՂՀ Նախագահի կողմից`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև ԼՂՀ` «Արիության համար» մեդալով: