ԵԱՏՄ ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը մայիսի 12-ին առցանց ռեժիմով կայացած նիստում քննարկել է Միության երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստը տեղի է ունեցել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի նախագահությամբ: Քննարկմանը հրավիրվել են նաև Ուզբեկստանի ներկայացուցիչները։

«Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստում քննարկվել են COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման նկատմամբ վերահսկողության հակահամաճարակային միջոցառումների իրականացումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սահմանափակումների ընթացիկ ռեժիմներից դուրս գալու գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:

«Ռոսպոտրեբնադզորը» միջոցառման մասնակիցներին պատմել է ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարությամբ մշակված հանձնարարականների և կորոնավիրուսի ֆոնին սահմանափակումների վերացման համար առանցքային ցուցանիշների մասին: ԵԱՏՄ երկրներն ու Ուզբեկստանը, իրենց հերթին, ներկայացրել են սահմանափակումների վերացման իրենց չափանիշները։ Ընդհանուր առմամբ, երկրներում մոտեցումները միավորում են իրավիճակի փուլայնությունը, տարբերակումը և կանոնավոր գնահատումը։