Բաց նամակ Աննա Դանիբեկյանին

Հարգելի՛ տիկին Դանիբեկյան, չեմ մոռանա՝ ինչպես սրանից շուրջ չորս տարի առաջ, երբ Դուք այնժամ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր էիք, հանդիպեցի Ձեզ՝ դատավորի օգնական էիք փնտրում։ Բարեբախտաբար, մեր համատեղ աշխատանքն այդպես էլ չմեկնարկեց՝ դատելով Ձեր կողմից Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործով իրականացվող «արդարադատությունից»․ միևնույն է համատեղ աշխատել չէինք կարող. նախագահ Քոչարյանի աջակիցը լինելս մի կողմ, դեռ պետք է հատուկ ունակությունների տեր լինել այդօրինակ դատաիրավական սխալներ թույլ տալու ու բացահայտ ճշմարտությունները չտեսնելու տալու համար։

Բնավ անհրաժեշտ չէ տիրապետել իրավաբանական խորը գիտելիքների՝ տեսնելու համար իրավական աղաղակող այն խախտումները, որոնք Դուք հետևողականորեն թույլ եք տալիս վերոհիշյալ քրեական գործով, մինչդեռ լինելով իրավաբան՝ հավատացեք՝ ոչ միայն ես, այլև իրավական հանրույթի ճնշող մեծամասնությունը տեսնում ու արձանագրում է ամենը, ինչ իրականացնում եք Դուք՝ սկսած «հեռախոսային արդարադատությունից», մինչև դատարանների շրջափակման դեմ աչք փակելը, Սահմանդրական դատարանի 2019 թ. սեպտեմբերի 4-ի որոշման արհամարհումից, մինչև դատավարության արհեստական ձգձգում ու օրենսդրական բոլոր վերաբերելի նորմերի բացարձակ անարգում։

Սահմանդրական դատարանի՝ ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդակացական կարծիք ստանալու համար դիմումներն ընդունվել են վարույթ, այսինքն՝ միջազգային հեղինակավոր այդ կառույցները ևս փաստում են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, որն էլ իր հերթին նշանակում է, որ եթե պատկերացնենք՝ նույնիսկ ողջ դատաքննությունն ընթանա թեկուզև մեղադրանքի կողմի ցանկացած սցենարով, միևնույն է, մեղադրական դատավճիռ կայացնելն ապօրինի է լինելու, ավելորդ եմ համարում նշել՝ ենթադրյալ հանցագործության կատարման պահին առհասարակ վերոհիշյալ հոդվածը որպես էդպիսին գոյություն չի էլ ունեցել։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև «Յոթի գործ» կոչված դատավարությանը, որով մեղադրանքի կողմը գրեթե նույնական իրավիճակում հրաժարվել էր մեղադրանքից՝ հղում կատարելով անձի վիճակի վատթարացման դեպքում քրեական օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությանը: Ուզում եմ չմոռանաք նաև նախագահի անձեռնմխելիության օրենսդրական պահանջի մասին, բացի այս, քրեական գործի ծավալից ելնելով ու նույնիսկ որևէ արհեստական ձգձգումների բացակայության պայմաններում՝ դատաքննությունն անկասկած տարիներ է տևելու, և հաշվի առնելով կալանավորման օրենսդրական հիմքերը՝ ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանն այդքան ժամանակ պե՞տք է մնա անազատության մեջ։

Չեմ ցանկանում խորամուխ լինել նյութական նորմերի, մեղքի առկայության կամ բացակայության քննարկումների մեջ՝ քննվում է Ռոբերտ Քոչարյանի ազատության խնդիրը, ով դեռ անցած տարի վերստին կալանավորվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ հավանաբար հիշում եք՝ ինչպիսի խախտումների արդյունքում կայացրած որոշման արդյունքում։

Տիկի՛ն Դանիբեկյան, ինքներդ որպես կալանքի հիմք նշել եք միայն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու նվազ հնարավորությունը, ի դեպ գրավն այնժամ այլընտրանքային խափանման միջոց էր, իսկ այժմ ամբողջապես կարող է լինել ինքնուրույն խափանման միջոց։ Հավելեմ՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ եղել է ազատության մեջ ու որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը, ավելին՝ 2018 թ. հուլիսի 26-ին ինքնակամ է ներկայացել Հայաստան՝ ՀՔԾ։ Ակնհայտ է՝ նախագահ Քոչարյանն անազատության մեջ է բացահայտ ապօրինի որոշման արդյունքում։

Դատական վերջին նիստում Ձեզ ներկայացվել են երեք տարբեր միջնորդություններ, որոնցից երեքն էլ իրավունքի տրամաբանության իմաստով ենթակա են միանշանակ բավարարման՝ գրավի կիրառումն ամբողջապես հնարավոր է Ձեր ունեցած խոչընդոտելու ռիսկի նվազ հնարավորության պարագայում, երաշխավորություններն առավել քան հիմնավոր են՝ երկու երաշխավորի փոխարեն չորսն են, այն էլ ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դեմքով, իսկ համավարակի առկայությունը՝ ՄԱԿ -ի հանձնակատարի կոչի ու Եվրոպայի Խորհրդի զեկույցի համատեքստում ինքնին հիմք է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամ առաջ ազատ արձակվի, հատկապես, որ այսօր վերստին վիրահատվել է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ -ում ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, վերջինս էլ տարիքային իմաստով գտնվում է թիրախային խմբում, ինչ վերաբերում է խափանման միջոց կալանավորման վերացմանը, ապա հաշվի առնելով դրա ամբողջապես հիմնազուրկ լինելը՝ Ձեզ այլ բան չի մնում, քան վերացնել այն։

Վստահ եմ՝ ողջ վերոգրյալն ինքներդ քաջ գիտակցում եք, գիտակցում եք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ իրականացվողը բացառապես քաղաքական հետապնդում է՝ զուրկ իրավական որևէ էլեմենտներից, գիտակցում եք՝ Ձեր այսօրվա կայացրած դատական ակտերի պատճառով վաղն աշխարհում պարտվելու է ՀՀ-ը, ՄԻԵԴ գալիք նմանաբնույթ որոշումներում հղում է կատարվելու Ձեր իսկ այսօրվա խախտումներին ու խարխլվելու է մեր պետության միջազգային վարկը, սակայն գիտակցու՞մ եք՝ օրվա իշխանության ձեռքին գործիք եք, գիտակցո՞ւմ եք՝ նման գործունեության դեպքում վարչապետի ու ԲԴԽ Նախագահի հայտնի ձևակերպումների հասցեատերը հենց Դուք եք, գիտակցու՞մ եք՝ հանցակիցն եք իրականացվողի։ Զերծ կմնամ միամտաբար կարծելուց՝ չեք գիտակցում՝ պրոֆեսիոնալ իրավաբանը չի կարող չգիտակցել այս ամենը, ապա մնում է միայն մեկ հանգամանք՝ ենթարկվում եք անօրինակ ճնշումների, ապա ինչո՞ւ Ձեզ հայտնված բազմաթիվ ինքնաբացարկի հիմնավոր որոշումներից և որևէ մեկը չընդունեցիք, մի՞թե կարծում եք՝ որևէ իշխանություն հավերժ է ու վրա չի հասնելու պատասխանատվության Ձեր ժամը։

Հասկանում եմ՝ կին եք, հասկանում եմ՝ բավականաչափ խորացել եք արդեն խախտումների ճահճում և, այնուամենայնիվ, Ձեզ կոչ եմ անում վերջապես ներքին քաջություն գտնել, վերջապես իրականացնել արդարադատություն ու ազատ արձակել Արցախի Առաջին ու ՀՀ Երկրորդ Նախագահին, Արցախի Հերոսին, ում անգնահատելի հաղթանակը հենց ձեր աչքի առջև լկտիաբար նսեմացվեց վերջին դատական նիստում՝ Եռատոնի օրը՝ իր իսկ ազատագրած Շուշիի ազատագրման քսանութամյակին։

Դատավորների շրջանում կան բազմաթիվ արժանապատիվ, մարդկային ֊ մասնագիտական ողնաշար ունեցող անհատներ, ովքեր ենթարկվել ու ենթարկվում են հետապնդումների իրապես արդարադատություն իրականացնելու համար, Դուք վաղը կարող եք համալրել նրանց շարքը, չդառնալ իրականացվողի հանցակիցը, վերջ տալ անօրինակ խայտառակությանն ու վերջնականապես ազատել Ձեր անունը «վնգստացող» պիտակից, հավատացե՛ք՝ այս ամենն ավարտվելու է, հավատացե՛ք Ինքներդ Ձեր ներքին ձայնին, հավատացե՛ք ու վստահ եղեք՝ ինչպես հայտնի ճշմարտությունն է վկայում՝ ամենքին տրվելու է համաձայն իր իսկ հավատի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Բաց նամակ Աննա Դանիբեկյանին Հարգելի տիկին Դանիբեկյա՛ն, չեմ մոռանա՝ ինչպես սրանից շուրջ չորս տարի առաջ, երբ Դուք…

Опубликовано Վահե Եփրիկյան Вторник, 12 мая 2020 г.