Բելառուսական մեթոդը տալիս է իր արդյունքը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «տանելի» է որակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նրա խոսքով՝ շատ պետություններ որդեգրել են համավարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը, գրում է lenta.ru-ն։

«Բելառուսում իրավիճակը այսօր առկա վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված՝ բավականին տանելի է: Չենք ասում, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց արդեն կարելի ասել, որ հիվանդության պոչից բռնել ենք»- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ մեթոդը, որը Բելառուսն «արդեն երրորդ ամիսն է, ինչ կիրառում է, տալիս է իր արդյունքը»։

«Այդ մեթոդից օգտվել են նաև այլ պետություններ։ Նայեք արևմտյան երկրներին, կամաց-կամաց վերաբացվում են, տնտեսությունը վերագործարկվում է, խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է»,-շարունակել է Լուկաշենկոն:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ այդ պետություններում մեկ օրում մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան Բելառուսում երեք ամսվա ընթացքում։

Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն մտցվել։

Նշենք, որ Worldometers-ի վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել  է կորոնավիրուսային հիվանդության 24 873, մահվան 142 դեպք, ապաքինվել է 6974 մարդ: