«Խորհրդավոր զրույց». կես կատակ-կես լուրջ

– Շուտով Երևանի արձաններն էլ են խոսելու տիրող քաղաքական բարդակից, – ասաց խորհրդավոր զրուցակիցս: Ի դեպ, զրույցով ընկանք, ու նարդին այդպես էլ կիսատ մնաց: Պատմում էր, որ Հայաստանում արձանները խիստ մտահոգված ու վրդովված են Փաշինյանի ու իշխանություն դարձած նրա «փողոցային» գործընկերների վարքից ու բարքից: Ասում էր, որ

– Մաշտոցը՝ Կորյունի հետ միասին, փորձում են հայոց լեզուն փրկելու ճանապարհներ գտնել, որովհետև սոցցանցերի ֆեյքերն ու իշխանության էժանագին ելույթները արդեն հայոց լեզվի հերն անիծել են: Իսկ Խ. Աբովյանը վերախմբագրում է իր «Վերք Հայաստանի» վեպը՝ նոր ժամանակների ոգուն համապատասխան:

Հարցնում եմ, ի՞նչն է պատճառը, որ վերախմբագրում է: Ասում է.

– Աբովյանը սկսել է կասկածել, որ Նիկոլենք հետևողականորեն կոտրում են ազգի կենսունակության երեք հիմնական հատկանիշները՝ ֆիզիկական ուժը, հոգևոր կարողությունը և բարոյական միասնությունը:

Իսկ մյուսնե՞րն ինչ կարծիքի են, հարցրի ես: Նարդի խաղացող խորհրդավոր զրուցակիցս հոգոց հանելով ասաց.

– ի՞նչ կարծիքի պետք է լինեն, Թումանյանը շարունակ իր «Հայոց Վիշտն» է արտասանում, Չարենցը՝ գինովցած հայհոյում է խելագարված ամբոխներին: Շիրազը՝ լացակումած իր «Ղարաբաղի ողբն է» մրմնջում: Կոմիտասը վերջերս շատ անհանգիստ է, կրկին վերընթերցում է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն ու Խորենացու «Պատմություն Հայոցը»: Իսկ Տերյանը համարյա բղավում է «Իմ գերեզմանին դուք չմոտենաք»:

Զրուցակիցս նաև պատմեց, որ Ալ. Սպենդիարովը, Ալ. Թամանյանը, Ալ. Մյասնիկյանը, Ս. Շահումյանը, Վ. Սարոյանը, Ա. Խաչատուրյանը և Մ. Սարյանը դիմել են տարբեր դեսպանատներ՝ կրկին սփյուռքում մշտական բնակության վերադառնալու համար: Վարդան Մամիկոնյանը մի առիթով հայտարարել էր, որ նորից պատրաստ է կրոնի և եկեղեցու համար սրբազան պատերազմի ելնել, եթե անհրաժեշտ լինի: Իսկ Դանիել Վարուժանն ու Վահան Թեքեյանը հրապարակային բանավեճ են սկսել՝ «Իմ քայլի» և «Երիտթուրքերի» համեմատական վերլուծության շուրջ: Ու այսպես, տարբեր պատմություններ:

Որոշ ժամանակ լուռ էինք, մեխանիկորեն զառերն էինք նետում ու ծուլորեն տեղաշարժում նարդու խաղաքարերը: Հանկարծ զրուցակից խաղընկերս խզելով լռությունը՝ հուսադրող ու զվարթ տոնով եզրափակեց մեր «խորհրդավոր զրույցը»՝ ասելով.

– Բայց ես լավատես եմ, իմ գործը նարդի խաղալն է, ուրիշ բան չեմ կարող անել, բայց միևնույն է՝ լավատես եմ: Քանի դեռ կանգուն են Հայկ Նահապետի, Վահագն Վիշապաքաղի, Սասունցի Դավթի, Նժդեհի, Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Մարշալ Բաղրամյանի, Մոնթեի հուշարձանները, Մայր Հայաստանին ոչ մի ներքին ու արտաքին վտանգ չի սպառնալու:

Իսկ վերջում էլ ավելացրեց.

– Կյանքը ցույց է տվել, որ պատմության մեջ երկու անգամ «Բանվորի» արձանը, ուրիշի խելքին ընկած, խառնվել է հեղափոխական քաղաքականությանը, ու երկու անգամ էլ Հայաստանը նույն վտանգների ու կորուստների առջև է կանգնել: Բայց ոչինչ, էս էլ կանցնի, կգնա: Իսկ եթե տեսնենք ամեն ինչ շատ բարդ է, Տորք Անգեղին կասենք, գլխավերևում պահած ժայռը կգլորի …..:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

"Խորհրդավոր զրույց". կես կատակ, կես լուրջ:- Շուտով, Երևանի արձաններն էլ են խոսելու տիրող քաղաքական բարդակից, – ասաց…

Опубликовано Artak Zakaryan Понедельник, 11 мая 2020 г.