Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Մարուքյանը (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին, Ազգային ժողովի ամբիոնից  նշեց. «Մենք արդեն դատապարտել ենք տեղի ունեցած միջադեպը, դատապարտել ենք այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքի, մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք նաև մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ամիսներ շարունակ ոտնահարելը և կոնֆլիկտներ հրահրելը: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, թե այս վերջին շրջանում ինչ է տեղի ունեցել, ինչ ժամանակագրությամբ, ինչ գործողություններով: Ես ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, ով 2019 թվականի հունվարի 16-ին, երդմնակալության արարողությունից երկու օր անց կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, կոնֆլիկտ հրահրեց ԱԺ-ում, և նա Էդմոն Մարուքյանն էր: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ով է այն պատգամավորը, ով երկու շաբաթ առաջ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հնչեցրել է նաև սպառնալիք՝ «Ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»՝ Էդմոն Մարուքյանն էր»:

Անդրադառնալով ծեծկռտուքի միջադեպին Լիլիթ Մակունցը՝ հավելեց. «Վերահաստատելով, որ կոնֆլիկտը ունի երկու կողմ, մենք գտնում ենք, որ այո, այս ամենը հարթելու համար և թույլ չտալու համար, որպեսզի հետագայում նման միջադեպեր կրկնվեն, թույլ չտալու համար այնպիսի մթնոլորտի գեներացում, որը անում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք, և այդ հետևանքի մասին այսօր հայտարարեց Սասուն Միքայելյանը: Այո, քաղաքական հետևանք պետք է լինի և Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին, իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը, և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում