Նուբար Աֆեյանի դեղագործական ընկերությունը ԱՄՆ-ում սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 2-րդ փուլը

Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերությունը թույլտվություն է ստացել անցնել կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին:

«Նյու Յորք թայմսի» փոխանցմամբ՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին կմասնակցի 600 մարդ:

«Հետազոտության երկրորդ փուլի մեկնարկը շատ կարևոր քայլ է»,- ասել է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը:

Այդ փուլում թեստավորումների հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք անվտանգ է պատվաստանյութը և արդյո՞ք հնարավոր է առաջին մի քանի տասնյակ կամավորների մոտ արձանագրված դրական արդյունքն ստանալ ավելի մեծ թվով խմբի մոտ։ Եթե հետազոտությունը հաջող ընթանա, հաջորդ՝ 3-րդ փուլի արդյունքում պարզ կդառնա, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը։

Հիշեցնենք, որ Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի փորձարկումները սկսվել են դեռ մարտից: Moderna-ն և նրա գործընկեր շվեյցարական Lonza Group-ը մտադիր են արագացնել կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութի արտադրման գործընթացը:

Ընկերությունները մտադիր են արտադրել պատվաստանյութի տարեկան մինչև 1 մլրդ դեղաչափ: