Հայաստանում այլանդակություններն արդեն գործողության մեջ են, բայց դրանք դեռ բողբոջներն են

Պղծությունն արդարացնող, այլասերում քարոզող որոշ անձինք և ՀԿ-ներ անարգել գործում են Հայաստանում, քարոզչական ծրագրեր իրականացնում, անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնում և

Պղծությունն արդարացնող, այլասերում քարոզող որոշ անձինք և ՀԿ-ներ անարգել գործում են Հայաստանում, քարոզչական ծրագրեր իրականացնում, անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնում և այլասերում նույնիսկ 5-6-րդ դասարանների աշակերտներից նրանց, ում կարողանում են գցել իրենց որոգայթի մեջ և այդպիսի հետաքրքրություններ ու ձգտումներ առաջացնել:

Սակայն այս ամենը դեռ միայն սկիզբն է: «Ազգային ժողով» կոչվածում փաշինյանական իշխանության նախաձեռնությամբ երեկ Լանզարոտի հակասահմանադրական կոնվենցիայի (պաշտոնապես այն ունի արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող հետևյալ անվանումը` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) վավերացումից հետո դեռահասների և նույնիսկ տարրական դասարաններում սովորող երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացվելու:

Ավելին. նշված տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին խեղվելու է, միտքը պղտորվելու է արդեն ոչ միայն ինչ-որ անձանց կամ Արևմուտքից «գրանտներ» ստացող «հասարակական կազմակերպություն» կոչվածների, այլև Լանզարոտում Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետությունների կողմից ընդունված հիշյալ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները կատարող Հայաստանի Հանրապետության կողմից, դա արվելու է դպրոցում կրթական ծրագրերի, դասագրքերի միջոցով, հեռուստատեսությամբ, թերևս նաև այլ կերպ: Նշված տարիքի երեխաների շրջանում ոչ միայն վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, այլև վտանգավոր գայթակղություններ ու ձգտումներ են առաջանալու` դրանցից բխող հետևանքներով հանդերձ:

Իհարկե, այս ամենը միանգամից, հենց վաղը կամ առաջիկա շաբաթվա ընթացքում չի արվելու: Նախ, ՀՀ ձևական նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքը, և, քանի որ ձևական նախագահ է, որևէ կասկած չկա, որ կստորագրի: Այնուհետև կընդունվեն այլ օրենքներ, որոշումներ, կրթական ծրագրերում կընդգրվեն «համապատասխան» առարկաներ, կտպագրվեն «համապատասխան» դասագրքեր, դրանցով երեխաներին, այդ թվում նաև` տարրական դասարանների, կսովորեցնեն…Ու դրանից հետո կսկսվի մղձավանջը:

Լանզարոտի կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հիշյալ կոնվենցիայի վավերացման նպատակով այսօրվա քվեարկությունից առաջ զգուշացրել էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նշելով, որ 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման նախագիծը Ազգային ժողովում քվեարկվելու է մեկ ընթերցմամբ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գրել է.

«Հիմնական 3 խնդիր-մտահոգություն կառանձնացնեի:

1-ին՝ կոնվենցիայով (2-րդ հոդված) զոհերի (երեխաների) իրավունքների պաշտպանության նպատակով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որպես խտրականության արգելքի կարգավիճակ: Սա արդյոք չի նշանակում, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:

2-րդ՝ կոնվենցիայով (6-րդ հոդված) պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Այս տեքստն առաջին հայացքից խնդիր չի առաջացնում, քանի որ տարիքի և տրվող տեղեկության միջև հավասարակշռության չափանիշ է դրված, բայց դա միայն առաջին հայացքից: Խնդիրը կայանում է նրանում, որ տարրական կրթության շահառուները 6-ից 10 տարեկան երեխաներն են, իսկ կոնվենցիան վավերացրած որոշ երկրներում կրթական ծրագրերով երեխաների սեռական դաստիարակության թեմաները շատ հաճախ դժգոհություն են առաջացնում ծնողների շրջանում: Առողջապահական ոլորտի մասնագետներն ավելի լավ կպատասխանեն այս տիպի հարցերին, սակայն որպես ծնող կարող եմ նշել, որ չափից դուրս տրված տեղեկությունը երեխայի նկատմամբ հակառակ ազդեցությունն է ունենում: Երեխայի մոտ անառողջ հետաքրքրություն կարող է առաջացնել: Կոնվենցիայի իրավակիրառական պրակտիկան պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի, համեմատվեն եվրոպական երկրների սեռական դաստիարակության թեմաներով դասագրքերը և նոր որոշվի այս կոնվենցիան մեզ պետք է, թե՝ ոչ: Եթե դասագրքերը լինելու են 2019թ․ մայիսի 14-ին «Բուկունիստ»‰ գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված գրքույկի բովանդակությամբ, ապա դա շատ մտահոգիչ է:

3-րդ՝ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները: Սա կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ»:

Պատգամավորները պետք է հիշեն, որ սորոսականների հետ կիսելու են երեխաների համար վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը

Նշելով, որ այսօր ԱԺ-ում ԵԽ Լանզարոտեի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցը քվեարկելիս, պատգամավորները պետք է հիշեն, որ սորոսականների հետ կիսելու են երեխաների համար վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը, Analitik.am լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է .

«Կոնվենցիան հիմք է տալու երեխաների սեռական շահագործումը կանխարգելող անվան տակ ուսումնական ծրագրերում ներդնել սեռական դաստիարակության վերաբերյալ առարկաներ՝ այդ թվում տարրական դասարաններում (հիշում ենք «Իմ մարմինն անձնական է» երեխաների համար նախատեսված խայտառակ գիրքը):

Հիմք է ստեղծվելու սորոսական քարոզիչների համար անարգել ԼԳԲՏ թեմաներով դասընթացներ անցկացնել դպրոցներում: Կոնվենցիայի ընդունումից հետո արդեն հեշտությամբ կընդունվեն համապատասխան որոշումները և օրենսդրական ակտերը:

Հաջորդ խնդիրը՝ կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

Այս կոնվենցիայի վավերացման հարցն ԱԺ է բերվել կորոնավիրուսի տարածման ժամանակ, քննարկվել կիսադատարկ դահլիճում, հիմա էլ գաղտագողի փորձում են վավերացնել:

Չեմ կարող ասել, թե ինչպես կվարվեն ԱԺ այն պատգամավորները, ովքեր Սորոսից գրանտներ չեն ստացել երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչություն իրականացնելու, Հայաստանում ընտանիքի ինստիտուտը քարուքանդ անելու, սեռական 300-ից ավել կողմնորոշում մարդկանց վզին փաթաթելու, Թուրքիայի շահերը սպասարկելու և մի շարք այլ, մեղմ ասած, ոչ հայանպաստ թեմաների համար, այդուհանդերձ, ԱԺ քվեարկությունից հետո բոլոր այն պատգամավորներն, ովքեր կողմ կքվեարկեն կոնվենցիայի վավերացմանը, իսկ հետո կասեն, թե տեղյակ չէին վտանգներից, պետք է իմանան, որ սորոսականների հետ միասին ստանձնում են պատասխանատվություն երեխաների շրջանում վտանգավոր քարոզչություն իրականացնելու համար հիմքեր ստեղծելու գործում:

Նույնիսկ, եթե չեն հասցրել ուսումնասիրել բավարար չափով, վաղն առնվազն կարող են հետաձգել քվեարկությունը՝ մանրամասն վտանգներին ծանոթանալու համար:

Երեխաների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների դեմ պայքարն առաջնային նշանակություն ունի, բայց այդ թեման շատ նուրբ է և յուրաքանչյուր նոր կոնվենցիա, օրենք ընդունելուց առաջ պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի երեխաներին օգնելու փոխարեն անդառնալի վնասներ չտրվի: Առավել ևս պետք է ուշադիր լինել այն օրենքներին և կոնվենցիաներին, որոնք սորոսականներն են լոբբինգ անում՝ այս դեպքում ԼԳԲՏ անձանց ակտիվ քարոզչությամբ զբաղվող սորոսականներն են լծվել կոնվենցիան PR-ն անելու գործին»:

LIVEnews.am-ը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման վտանգների և վավերացման անթույլատրելիության վերաբերյալ արդեն իսկ հանդես է եկել մի շարք հաղորդումներով և այլ հրապարակումներով, ինչպիսիք են, օրինակ, մայիսի 2-ի մեր «Հայաստանում պատրաստվում են օրենսդրորեն բացել այլասերման, պղծության, սոդոմ-գոմորյան կործանման դարպասները» և «ԱԺ-ն թող համարի, որ բավարար չափով արդեն զգուշացված է Լանզարոտի կոնվենցիայի վավերացման առնչությամբ» վերտառությամբ վերլուծականները: Դրանցով ներկայացրել ենք, թե հիշյալ կոնվենցիան, որը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև մանկապղծության դեմ կոնվենցիա, մանկապղծության դեմ համաձայնագիր, ինչ անընդունելի դրույթներ ու թաքնված վտանգներ է պարունակում, այդ դրույթները հակառակը` շուռ են տալիս կոնվենցիան, այն դարձնում մանկապղծության (թեկուզ ոչ բռնի), նույնիսկ երեխաների այլասերման համար նպաստավոր: Նշված հրապարակումները, ժամանակին հրապարակված զգուշացումները, թաքնված վտանգների բացահայտումները, սակայն, եղան ձայն բարբառո անապատի, իշխանություններն ունեն Հայաստանի համար կործանարար իրենց ծրագիրը և անշեղորեն իրականացնում են այն:

«Ազգային ժողով» կոչվածն առանց Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու, առանց վերոնշյալ դրույթների առնչությամբ մասնագետների, մասնավորապես, հոգեբանների, սեռաբանների, մանկավարժների, հասարակության ներկայացուցիչների կարծիքները, մտահոգությունները, դիտողություններն ու զգուշացումները լսելու և հաշվի առնելու, այսօրվա իր քվեարկություններից մեկով վավերացրեց Լանզարոտի կոնվենցիան:

ԱԺ-ն իր այսօրվա նիստում անտեսեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը, և որ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այդ պահին կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի քաղաքացիական ակցիա է, իսկ նախօրեին էլ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնք նույնպես դեմ են կոնվենցիայի վավերացմանը:

Ինչպես նշեց պատգամավորը, կոնվենցիայի որոշ դրույթներ վտանգ են պարունակում, հետևաբար կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից, երեխայի լավագույն շահերից: Սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձելով Գևորգ Պետրոսյանին, անտեսելով կոնվենցիայում վտանգավոր դրույթների առկայությունը և հանրությանն ապակողմնորոշելով, ասաց, թե «այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից»…

«Ազգային ժողով» կոչվածն այսօր 79 կողմ, 13 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մղձավանջը, որի մեջ այսօր գտնվում են կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներ, Հայաստանում առջևում է, բայց ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում:

Արթուր Հովհաննիսյան