ԱԺ-ն ընդունեց Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան  (Լանզարոտեի կոնվենցիա) վավերացնելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ ՝ 12:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք որևէ մեկին մեղադրանք չեն ներկայացնում, բայց այս կոնվենցիան ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարակության շահերը: «Այսօր քաղաքացիական ակցիա էր այս կոնվեցիայի դեմ, և երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր, նրանք բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ կոնվենցիայի վավերացման հարցը հանձնաժողովի նիստում քվեարկվել է, որտեղ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել: «Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են Ձեր դիրքորոշման վրա ազդել և Ձեր դիրքորոշոււմը փոխել: Կոնվենցիան երեխաների շահերից է բխում, և սա կանխելու է մանկապղծությունը Հայաստանում»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, որ խնդրահարույց դրվագներ կան: Նա կարևորեց լսումներ անցկացնելը նման հարցերի համար: «Այն հարցը, որ հանձնաժողովում է քննարկվում, դա վերջնական չէ, և հնարավորություն է մեծ օրակարգ ներկայացնել»,-պարզաբանեց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը արձագանքեց լսումների վերաբերյալ ասվածին և նշեց, որ այդ կոնվենցիան մասնագիտական հանձնաժողոովում է քննարկվել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, որի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է: «Հանձնաժողովներն ունեն անսահմանափակ թվով լսումներ կազմակերպելու հնարավորություն»,-նկատեց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի մոտ այս կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է իրականացվում:

Կոնվենցիան ստորագրվել է ԵԽ 47 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել արդեն 45 պետության համար: ՀՀ-ն այն ստորագրել է 2010 թվականին:

Հիշեցնենք, որ օրերս Հունգարիան դեմ քվեարկեց կոնվենցիայի վավերացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում