Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր․ Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը նվիրված մայիսյան եռատոնին:

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին  մայիսյան Եռատոնի առթիվ:

Հազարամյակների տարեգրություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով ու փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է և մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը:

Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին: Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց ու դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:

Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակը էլ ավելի ամրապնդեց Արցախի և հայկական միասնական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը:

Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի և աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաև անդառնալի կորուստներ: Փառք և խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը:

Մեր վետերաններին,  ազատամարտիկներին,  պաշտպանության բանակի զինծառայողներին և բոլորիս վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում եմ ուժ և զորություն՝ հանուն մեր հայրենիքի խաղաղության և բարօրության»: