Բեռլինը չորս լեզվով շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին՝ ազատագրման համար

Բեռլինում ակցիա է կազմակերպվել՝ նվիրված Եվրոպան նացիոնալ-սոցիալիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ: Մայիսի 8-ի երեկոյան Բրանդենբուրգյան դարպասների վրա լուսային էֆեկտով գրվել է «շնորհակալություն» բառը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն: Հաղորդում է DW-ն:

«1945 թ. մայիսի 8-ի ուշ երեկոյան, կապիտուլյացիան ուժի մեջ մտավ: Բեռլինն այս ակցիայով 75 տարի անց ցանկանում է շնորհակալություն հայտնել դաշնակիցներին՝ Եվրոպան նացիոնալ-սոցիալիզմից ազատագրելու համար»,- հայտարարել է ակցիան իրականացրած Kulturprojekte Berlin կազմակերպությունը:

Մերկելը և Շտայնմայերը ոգեկոչել են նացիզմի զոհերի հիշատակը

Մայիսի 8-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել են Գերմանիայի պատերազմի և բռնակալության զոհերի գլխավոր հուշահամալիր Նոյե Վախե՝ ծաղկեպսակներ են դրել նացիզմի զոհերի հիշատակին: