Նելսոն Ստեփանյան. Շուշիի հերոս զավակը

Խորհրդային Միության հերոս, փորձառու օդաչու և ֆաշիստների ահուսարսափ Նելսոն Ստեփանյանը ծնվել է Արցախի սրտում՝ լեռնային Շուշիում:

Արդեն իսկ պատերազմի երկրորդ օրը զորակոչվեց և ուղարկվեց Սևծովյան նավատորմի ավիացիա: Պատերազմի առաջին կիսամյակի ընթացքում Նելսոն Ստեփանյանի մարտական գործողությունների ժամանակագրությունն ինքնին խոսուն է. Լենինգրադի երկնքում նա ավելի քան 60 ռազմական թռիչքներ է իրականացրել և իր ստորաբաժանման հետ միասին խոցել ու ոչնչացրել 8 տանկ, 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային թնդանոթ և ինքնաձիգ, ինչպես նաև բազմաթիվ այլ տեխնիկա։

Ղրիմի օպերացիայի ժամանակ Ստեփանյանի գունդը ոչնչացրել է հակառակորդի 8 փոխադրամիջոց, 12 արագընթաց լաստանավ, ավելի քան 3000 սպա և զինվոր: Հավատարիմ մնալով՝ ենթականերին օրինակ ծառայելու իր սկզբունքին՝ Նելսոն Ստեփանյանը անձամբ էր իր գունդն առաջնորդում մարտի:

Թշնամու դեմ մարտերում ցուցաբերած արիության և ռազմական խիզախության համար Նելսոն Ստեփանյանը 1942թ. հոկտեմբերի 23-ին արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչմանը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Նելսոն Ստեփանյանը եղել է խորհրդային ավիացիայի լեգենդը և պարծանքը: Նա ահուսարսափ էր տարածում թշնամու շարքերում, ով ճանաչում էր ինքնաթիռն ու նրա ղեկին գտնվող օդաչուին, ինչը որ շատ հազվադեպ երևույթ էր ավիացիայում: Անուն, որ խուճապի ազդանշան էր դարձել: Օդում տեսնելով նրա «Իլ-2»-ը՝ գերմանացիները «ուշադրություն, ուշադրություն, օդում Նլեսոնն է» բովանդակությամբ խուճապային հաղորդագրություններ էին տալիս:

1944թ. դեկտեմբերի 14-ին փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանն առաջնորդեց «Իլ»-երի խմբին Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը: Թիրախի մատույցներում Ստեփանյանի ինքնաթիռներն անակնկալ կերպով գրոհի ենթարկվեցին թշնամու 30 կործանիչների կողմից: Կատաղի և սրընթաց օդային մարտ ծավալվեց: Մի քանի րոպե անց առաջնորդող ինքնաթիռը, որն առաջինն էր խիզախորեն անցել հակահարձակման՝ պաշտպանելով մյուսներին, հրկիզվեց և ծովն ընկավ: Բալթիկ ծովի մարտում արիաբար ընկավ Նելսոն Ստեփանյանը:

Թշնամու դեմ մարտերում դրսևորած արիության և գնդի հմուտ ղեկավարման համար 1945թ. մարտի 6-ին Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն