Նրանք սարսափելի բան են արել, բայց չեմ հավատում, որ Չինաստանը միտումնավոր է տարածել կորոնավիրուսը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Չինաստանը կարող էր դիտավորյալ տարածել կորոնավիրուսը, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Նրանք սարսափելի բան են արել, բայց ես չեմ հավատում, որ միտումնավոր են արել»,-Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ վիրուսը կարող էր «տարածվել Չինաստանի սահմաններից դուրս» անփութության պատճառով:

ԱՄՆ իշխանությունները նախագահ Թրամփի գլխավորությամբ Չինաստանին պարբերաբար մեղադրում են կորոնավիրուսի տարածումը զսպելու, փաստերը թաքցնելու, ժամանակին չարձագանքելու անկարողության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել էր, որ «ծանրակշիռ ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում։

«Ծանրակշիռ ապացույցներ կան այն մասին, որ կորոնավիրուսը սկսվել է հենց այնտեղից։ Ես կարող եմ ասել, որ կան զգալի քանակությամբ փաստեր, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է։ Այս պահին դրան չհավատալու պատճառ չունեմ»,- հայտնել է նա։