Թող մայիսյան ոգին միշտ թևածի Արցախի երկնակամարում. Դավիթ Իշխանյան

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Եռատոնը.

«Սիրելի հայրենակիցներ, մայիսը մեր պատմության էջերում անխոնջ պայքարի, անկոտրում կամքի ու վճռականությամբ ձեռք բերած հաղթանակների ամիս է: Պատմության այս էջերը ոչ միայն հպարտության զգացում են ծնում, այլև ստիպում են հավատալ, որ այդպիսի հաղթանակներ կերտած ժողովուրդը պետք է միշտ առաջ նայի ու ձգտի նորանոր ձեռքբերումների: Մայիսյան հերոսամարտերում թրծված ժողովուրդը իր հաղթանակների տերն է. հաղթանակներ, որոնք կերտեց իր լավագույն զավակների անձնազոհությամբ ու նվիրումով։
Մայիսյան հաղթանակների պսակը կրող ժողովուրդը նաև գիտակցում է, թե ինչեր կարող է անել միասնականության ուժը և ինչեր կարող է կործանել ներքին խռովությունը: Մեր միասնականությունն այսօր էլ երկընտրանք չունի, քանզի ժամանակները փոխվել են, բայց մեր դեմ ծառացած մարտահրավերները՝ ոչ: Մեր լինելիության գլխավոր գրավականները շարունակում են մնալ ամուր պետականությունը, հզոր ու մարտունակ բանակը և այն ամենը, ինչը կարող է բերել հայրենիքի բարգավաճմանը: Շնորհավոր բոլորիս Եռատոնը։
Թող մայիսյան ոգին միշտ թևածի Արցախի երկնակամարում…»,- նշված է շնորհավորանքում: