Քոչարյանի գործով դատական նիստին ներկայացան Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու։

Դատարանը ներկայացրեց, թե անձնական երաշխավորություն ստանձնելիս նրանք ինչ պարտավորություններ ունեն։

Ավելի վաղ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը և ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դիմումները։

Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, որը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում է ստանում: