Ձախողել եք ձեր էմոցիոնալ չհավասարակշռված քաղաքականության պատճառով. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի ամբիոնից. «Անցել է մեկ տարի, ես ձեզ ուզում եմ համեմատել Ձեզ հետ, ոչ թե նախկինների: 2019 թ. ծրագրի վերաբերյալ մենք ասել էինք, որ այն չափելի չէ»: Դիմելով վարչապետին՝ պատգամավորը  ասաց. «Պարոն վարչապետ, ասում եք, որ համակարգում կան դավաճաններ: Դուք ունեիք տարբերակներ այդ հարցը լուծելու, օրինակ՝ Դուք պետք է շոկային, կտրուկ փոփոխությունների ենթարկեիք համակարգը, հեռացնեիք դավաճաններին: Դուք դա չեք արել: Երկրորդ տարբերակն այն էր, որ այնպիսի կառավարում իրականացնեիք, որ այդ դավաճաններին դարձնեիք նվիրյալներ, բայց հիմա Դուք «աչքի տեղն էլ ունքն եք հանում», որովհետև ես չեմ պատկերացնուն, թե մի համակարգում, որտեղ Դուք շարունակում եք տարբեր հարթակներից փնտրել դավաճաններ և նվիրյալներ, այդ համակարգում մարդիկ պետք է աշխատեն և Ձեր ուզածով երկրի թալանածը ետ բերեն: Մի համակարգում, որտեղ անհամերաշխություն եք սերմանում, ես չեմ պատկերացնում՝ ո՞նց եք պահանջում այդ համակարգից կարգուկանոն՝ այն էլ խայտառակ վարձատրությամբ»: Խոսելով դատական համակարգում կառավարության ձախողումների մասին Անի Սամսոնյանը նշեց. «Խոստովանում եք, որ ձախողել եք, բայց արդյոք հասկանո՞ւմ եք պատճառները, թե ինչու եք ձախողել դատական համակարգի բարեփոխումները: Ձախողել եք ձեր էմոցիոնալ չհավասարակշռված քաղաքականության պատճառով»,- հավելեց  Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում