Հայրենիքի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունն այն գլխավոր երաշխիքներն են, որոնց շնորհիվ ծնվել են մեր հաղթանակները

Ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են:

Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու և խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցին ժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր:

Մեր հաղթական ձեռքբերումները, երեկվա ու այսօրվա հերոսների անձնազոհության ու նվիրումի բոլոր դրսևորումները, նրանց հիշատակներն ու կենդանի օրինակները մեզ մղում են նոր հաղթանակների:

28 տարի առաջ այս օրը սկսվեց և գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին:

Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի և համազգային միասնության շնորհիվ: Հայրենիքի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունն այն գլխավոր երաշխիքներն են, որոնց շնորհիվ ծնվել են մեր հաղթանակները, որոնց շնորհիվ ավելի քան քառորդ դար առաջ ազատության և արդարության ձգտումը Շուշիում վերածվեց հաղթանակի, իսկ հաղթանակը՝ խաղաղության:

Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ ազատությունը նվաճվում է հաղթանակով: Մենք հանուն ազատության պայքարել ենք` զոհաբերելով արյուն ու կյանք, բայց ոչ երբեք պատիվ ու արժանապատվություն, որովհետև գիտակցել ենք, որ առանց վերջիններիս ազատություն չի լինում:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Արցախյան ազատամարտի վետերաններին, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող մեր զինվորներին և մաղթել նրանց առողջություն, լավատեսություն ու բարօրություն: Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին ու երկրին: Կրկին շնորհավորում եմ այս փառավոր տոնի առթիվ՝ վստահ ու համոզված, որ միասին հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ:

Հ.Գ. Ազատությունը ոչ ոք չի նվիրում և խաղաղություն չեն խնդրում, պարտադրում են:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Այս տոնը մեր ազգի ինքնության,…

Опубликовано Artur R Tovmasyan Четверг, 7 мая 2020 г.