Լանզարոտի կոնվենցիան վավերացրած երկրներում ծնողները հասկացել են, որ գեղեցիկ ու խոստումնալից բառերի տակ թաքնված էին անկանխատեսելի վտանգներ

Լանզարոտի կոնվենցիայով, որի պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրական դատարանի 2020թ. մարտի 31-ի որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրությանը համապատասխանող։ Թվում էր, թե դրանով վերջակետ է դրվել այդ կոնվենցիայի իրավաչափության վերաբերյալ խիստ իրարամերժ բանավեճին։ Սակայն իրավական հարցադրումները բնավ սպառված չեն, ինչն էլ կարևորելով, որոշ հարցեր ենք ուղղել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, որը ևս մշտապես իր մտահոգությունն է արտահայտել հիշյալ կոնվենցիայի վավերացման առնչությամբ։

Պարոն Դանիելյան, ոմանց մոտ այն տպավորությունն է, թե ի՞նչ իմաստ ունի խոսել Լանզարոտի կոնվենցիայի իրավաչափության մասին, երբ Սահմանադրական դատարանը կոնվենցիայով ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորություններն իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արդեն իսկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել:

Դա գրեթե նույնն է, եթե ասեինք` ի՞նչ իմաստ ուներ խոսել Հայ-֊թուրքական արձանագրությունների մասին (ի դեպ, դրանք չվավերացվեցին ոչ միայն առանձին քաղաքական ուժերի մեծ ջանքերի, այլև ՍԴ եզրակացության շնորհիվ), երբ դարձյալ կար համապատասխանության մասին ՍԴ եզրակացությունը։ Սահմանադրական դատարանը Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ մի քանի անչափ կարևոր իրավական դիրքորոշումներ էր ամրագրել, որոնք թուրքական կողմին միանշանակ հասկացնել տվեցին, որ որևէ հույս չի կարելի փայփայել Հայ դատի, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի, ինչպես նաև Արցախի միջազգային իրավական կարգավիճակի կանխորոշման հարցերում։ Այս մասին «ափսոսանքով»‰ բազմիցս խոսել են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն ներպետական քաղաքական մթնոլորտը «թույլ չէր տալիս» նաև Հայաստանում անաչառ արտահայտվել և հավուր պատշաճի գնահատել Սահմանադրական դատարանի դերակատարումը։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի որոշումը հարկ է ընկալել իր ամբողջության մեջ՝ դրանում ամրագրված իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Այո, Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, սակայն դրանից բնավ չի բխում, որ Լանզարոտի կոնվենցիան անվերապահորեն ենթակա է վավերացման կամ դրա հիման վրա անարգել կարող են ընդունվել ներկայումս գործադիր իշխանությունում ձևավորված պատկերացումներին համապատասխան, կամայական մեկնաբանությունների տեղիք տվող օրենքներ:

Կարո՞ղ եք հակիրճ անդրադառնալ Սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումներին, որոնք բավարար հիմք են՝ նշված կոնվենցիայի խնդրահարույց դրույթների էությունն առավել համարժեք ընկալելու և ապագա օրինաստեղծ գործունեությունը վերանայելու անհրաժեշտության տեսանկյունից։

Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրված են մի շարք առանցքային դիրքորոշումներ, որոնք համարժեք ընկալելու պարագայում առնվազն հարկ կլինի ոչ միայն ողջամիտ ժամկետով հետաձգել նշված կոնվենցիայի վավերացումը (սա անհրաժեշտ է, որպեսզի գործադիր իշխանությունը առնվազն սպառիչ ու հստակ հայեցակարգ պատրաստի և ներկայացնի վերը նշված դիրքորոշումների առնչությամբ իր հետագա քայլերի կտրվածքով), այլև խիստ հետևողական լինել, որպեսզի երբևէ խորհրդարան չներկայացվեն այդ դիրքորոշումներին հակասող օրինագծեր։ Այսպես, օրինակ, Սահմանադրական դատարանի որոշմամբ իմպերատիվ արձանագրված է. «…Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը (ընդգծումը մերն է) և նրանց զարգացող կարողությունները»։

Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ սեռականի առնչությամբ չձևավորվի անհարկի և անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք։ Արդեն շատերն են ծանոթ այս կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած երկրներում սկիզբ առած զանգվածային վրդովմունքի դրսևորումներին։ Ծնողները հասկացել են, որ գեղեցիկ ու խոստումնալից բառերի տակ թաքնված էին իրենց համար անկանխատեսելի վտանգներ, և հիմա մեծ դժվարությամբ, բայց հետևողականորեն հասնում են նրան, որ բազում տարրական դպրոցներում դադարեցվի այդպիսի կրթական ծրագրերի կիրառումը։

Իհարկե, կարելի էր ՍԴ որոշմամբ առավել խիստ ու կանխատեսելի դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի որոշ խնդրահարույց դրույթներին, հատկապես, կապված տարրական կրթության ընթացքում սեռական շահագործման և նմանաբնույթ այլ հարցերի լուսաբանման, սեռական կողմնորոշման հասկացությունները բացառապես Սահմանադրության ոգուն համահունչ ընկալելու և կիրառելու հարցադրումներին, սակայն անհրաժեշտ կամքի առկայության դեպքում հիշյալ իրավական դիրքորոշումներն էլ են բավարար։

Դուք խոսում եք օրենքների մասին, բայց դրանք ընդունող միակ սահմանադրական մարմինը խորհրդարանն է, ուստի ի՞նչ էական նշանակություն ունի, թե ինչ օրինագծեր կներկայացվեն։

– Նախ, օրինագծեր մշակելու և օրենսդրական քաղաքականություն ձևավորելու հեգեմոն անընդունելի դերը դեռևս պատկանում է գործադիր իշխանությանը, թեպետ վաղուց ժամանակն է, որ օրինագծեր մշակելու խիստ պատասխանատու գործառույթը վերապահվի բացառապես հիրավի անկախ փորձագիտական կառույցների, իսկ կառավարությունն ու պատգամավորները հանդես գան քաղաքական պատվեր ձևավորողի կարգավիճակով։

Չպետք է անտեսել նաև, որ կառավարությունը գործող Սահմանադրությամբ օժտված է անհամեմատ լայն իրավաստեղծ գործունեությամբ։ Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների 83.5. հոդվածով սահմանված էր հարցերի լայն շրջանակ, որոնք կարող էին կարգավորվել միմիայն օրենքներով, մինչդեռ ներկայումս կառավարությունն իրավասու է ոչ միայն սահմանելու իրավունքների և ազատությունների իրականացման կարգեր, այլև նույնիսկ սահմանափակել այդպիսիք և այլն։

Նկատի ունենանք նաև, որ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն, միայն օրենքով են սահմանվում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, իսկ ծրագրերի բովանդակությունը և բազմաթիվ այլ ոչ պակաս կարևոր հարցեր կարող են կարգավորվել անգամ նախարարի նորմատիվ հրամաններով: Իրավաստեղծ գործունեության կանխատեսելիությունը երաշխավորելն առավել, քան արդիական է, մինչդեռ բացառվում է հույս ունենալը, որ առաջիկա բոլոր իրավական կարգավորումները կկատարվեն քիչ թե շատ հանրային վերահսկողության ներքո ընդունվող օրենքներով, դրանց մեծ մասն անխուսափելիորեն  կդառնա հանրային վերահսկողությունից դուրս ընդունվող ենթաօրենսդրական ակտերի կարգավորման առարկա:

Վերջապես, հստակ ու կանխատեսելի օրենսդրական զարգացումների քաղաքականությունը պետք է հասանելի լինի նաև խորհրդարանին, վերջինս ևս պետք է վստահ լինի, որ, օրինակ, կրթության պատրվակով կիրառման չեն դրվելու կոնվենցիայի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին, իրավագետների, հոգեբանների, սոցիոլոգների և մանկավարժների լայն հանրության մոտեցումներն ակնհայտ անտեսող ծրագրեր։

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի